«Կալանավայրում Գրիգորյանը զրկված է մի շարք արտոնություններից, ինչն ունեն մյուս կալանավորները». Փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէ, նա չի կարողացել ներկայանալ դատարան, դրա հետ կապված՝ «Նաիրի» ԲԿ-ից դատարանին տեղեկանք էր ուղարկվել։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆրանսիայից հրավիրված փորձագետը, որը պետք է ստուգեր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, առայժմ Ֆրանսիայում չէ, ուստի նրա գալը Հայաստանը կհետաձգվի։

«Մենք ասում ենք, որ Մանվել Գրիգորյանը տառապում է 30-ից ավելի հիվանդություններով,  և արդեն երկրորդ տարին է, այդ հիվանդություններն անընդատ բարդանում են։ Հանձնաժողովը, որը ստեղծվել է առողջական խնդիրների փորձաքննության համար՝ առողջապահության փոխնախարարի գլխավորությամբ,  սադիզմ է, քանի որ առանց փորձաքննության նշանակման էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը  գտնվում է տարբերակված մոտեցման մեջ։

Բոլոր այն մեղադրյալները, որոնք գտնվել են նման վիճակում, ազատ են արձակվել այլընտրանքային խափանման միջոցներով»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ մինչ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ ընթանում է փորձագիտական քննություն, նրա առողջական վիճակն էլ ավելի  է վատանում։

Նա նաև տեղեկացրեց, որ կալանավայրում Մ. Գրիգորյանը զրկված է մի շարք արտոնություններից, ինչն ունեն մյուս կալանավորները։

Նա վստահեցրեց, որ գտնվելով անազատության մեջ՝ Մանվել Գրիգորյանի բուժման արդյունավետությունը չի կարող լինել այն, ինչը կլիներ ազատության պայմաններում։

«Մանվել Գրիգորյանը բուժման պետք է մեկներ 2018 թվականին, սակայն չկարողացավ մեկնել»,- շեշտեց Արսեն Մկրտչյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս