Բարձր նշաձող. ՀՀԿ-ամերձ գործարարը «Առավոտի» խմբագրին sms–ով հայհոյել է՝ նյութը կայքից չհեռացնելու համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է: Ինչպես սովորաբար դա անում եմ, ես առաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում եւ շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը: Դրան գործարարը համաձայն չէր:
Որպես այլընտրանք առաջարկեցի դիմել դատարան եւ հասնել արդարության: Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել: Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը ե՛ւ անիմաստ է, որովհետեւ այն տարածվել էր մի քանի օր առաջ, ե՛ւ էթիկապես անընդունելի է: Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի:
Քիչ անց այդ գործարարն sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց: Ես, բնականաբար, նրան ներում եմ, եւ չեմ պատրաստվում որեւէ ընթացք տալ այդ գործին: Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է եւ բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը:
Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից եւ իրական կյանքի հետ կապը կորցնելուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: