«Որևէ ճաղ չի կարող Քոչարյանին զրկել քաղաքականությամբ զբաղվելուց». Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հանրության մոտ ստացել է բավարար արձագանք, մարդիկ շատ լավ հասկացել են, թե իրականում ինչ է կատարվում, հասկացել են, որ այս ամենը քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
Ինչ վերաբերում է գործի նկատմամբ դրսի արձագանքին, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ կա անհանգստություն, որը շատ մեծ է։ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը չի կարող անհանգստություններ չառաջացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցի մոտ։
«Այսօր կալանավորվել է նախկին նախագահը, որն արվել է Սահմանադրության խախտմամբ, ինչը շատ վատ նախադեպ է։ Հասկանալի է նաև, որ այսօր Քոչարյանը ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ է և այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 11 տարի։ Շատ ցավալի է լինում, որ հայտարարություններ են լինում այն մասին, որ Հայաստանում քաղաքական հետապնդում կա։ Եթե այս ամենի մեջ ճշմարտության բացահայտում լիներ, ապա չեմ կասկածում, որ նախագահը կասեր՝ եկեք բացահայտենք, քանի որ այն հարվածները, որոնք ստանում ենք՝ որպես պետություն, շատ ուժգին են»,- նշեց նա։
Նա ցավով արձանագրեց, որ այդ արձագանքները հետագայում ունենալու են «աֆթերշոկ»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությամբ զբաղվելուն, Վիկտոր Սողոմոնյանն ընդգծեց, որ որևէ ճաղ չի կարող Քոչարյանին զրկել քաղաքականությամբ զբաղվելուց։
Ինչ վերաբերում է Քոչարյանի պահման վայրի պայմաններին, Սողոմոնյանը տեղեկացրեց, որ իրեն արգելված է նրա հետ տեսակցելը, ինչպես փաստաբաններն են փոխանցել իրենց՝ պահման պայմանները նորմալ են։
Զվարթ Խաչատրյան