«Հայ-վրացական հարաբերություններում կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել».  փորձագետ

«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին սկսվեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի  առաջին պաշտոնական այցը Վրաստան։ Այցը սկսվել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ։

Մնացականյանը հանդիպումներ էր ունեցել նաև Գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ, ՀՀ ԱԳ  նախարարը հանդիպել էր նաև վիրահայ համայնքի հետ։

Զալկալիանիի հետ հանդիպման   արդյունքներով կազմակերպված մամուլի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը բավարարված է այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է երկկողմ հարաբերություններում, շփումներում.

«Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի, և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում»,- ասել է նա։

Ըստ ՀՀ ԱԳն մամլո հաղորդագրության՝ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Զալկալիանին արժևորել են նաև միջազգային կառույցներում համագործակցությունը և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության և փոխադարձ աջակցության ամրապնդումը:

«Որպես ԵՄ գործընկեր պետություններ՝ ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին և մտքեր փոխանակեցին նախաձեռնության ապագայի տեսլականի շուրջ:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում  Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվեց, որ տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ այցը միանշանակ կարևոր էր՝ որպես առաջին պաշտոնական այց, քննարկված հարցերի շարքը բավականին լայն էր, համապարփակ։

Նրա խոսքով՝ կարևոր էր նաև այն, որ այցը տեղի ունեցավ Վրաստանում հայտնի իրադարձություններից հետո, որը տարածաշրջանում թարմացրեց ռուս-վրացական հարաբերություններում առկա  խնդիրները։

Ըստ Իրակլի Մենագարիշվիլիի՝ ժամանակը, որը տարածաշրջանի առջև նորանոր մարտահրավերներ է դնում, աշխատում է հօգուտ հայ-վրացական հարաբերությունները սերտացնելու գաղափարի, քանի որ տարածաշրջանում շատ են հակասությունները փոքր և մեծ տերությունների միջև, խոչընդոտները և հակամարտությունները։

«Սա բարդ ժամանակաշրջան է մեր տարածաշրջանի համար և այն դեռ երկար կշարունակվի՝ ըստ իս։ Ու սա նշանակում է, որ պետք է փորձել պահպանել մեր հարաբերությունները և շարունակել խորացնել, որոնց գլխավոր սպառնալիքը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունն է, որը մեր հետ ունի՝ լարված, իսկ Հայաստանի հետ՝ բարեկամական-ռազմավարական հարաբերություններ։ Կարծում եմ՝ այս սպառնալիքը մեր հարաբերություններից դուրս հանելու հարցում կօգնի մի փոքր այլ քաղաքականությունը, որը միտված կլինի մոտեցնել Հայաստանի համար երկու կարևոր երկրների դիրքորոշումները, մեղմել առաջացած լարվածությունը, որը միանշանակ ծառայելու է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, քանի որ Հայաստանը տնտեսական, քաղաքական շահեր ունի Վրաստանում, և քաղաքական ջանքերն այդ ուղղությամբ կլինեն դրական։ Այդ մասին վերջերս՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի, խոսել էր Վրաստանի նախագահը, ռուսական կողմից կան իրավիճակը չսրող հայտարարություններ, և այս մթնոլորտում Հայաստանը կարող է այլ դերակատարություն ունենալ։

Մեր հարաբերություններում բավականին թույլ է տարածաշրջանային գլոբալ համագործակցությունը, պետք է այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատել, ջանքեր ներդնել՝ հաշվի առնելով այն վտանգները և խնդիրները, որ կան տարածաշրջանում, և հանգամանքը, որ Հայաստանը դուրս է մնում որոշ ծրագրերից, որոնց հավասարակշռման համար հարկավոր են պրոյեկտներ այլ ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի մասնակցությամբ։

Պաշտոնական Թբիլիսին վստահաբար պատրաստ է այդ ուղղությամբ աշխատել և գործընկեր է տեսնում Թեհրանին ու Երևանին։ Բայց Իրանն իր հերթին՝ լուրջ սպառնալիքների առջև է կանգնած և պատրաստ չէ նման տարածաշրջանային տարանցիկ պրոյեկտների։ Կարծում եմ՝ մնացած բոլոր ուղղություններով կա նորմալ համագործակցություն, կա ցանկություն խորացնելու, դա իսկապես գոհացուցիչ է, բայց կան ոլորտներ, ինչպես նշեցի, որ պետք է ճեղքում մտցնել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս