Արման Թաթոյանը Գեղարքունիքում անդրադարձել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրների
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիք կատարած այցի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրների: Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի:
Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները և այլ առաջնահերթություններ:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը: Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը և դրա հետևանքով ընտանիքներում առաջացող դժվարությունները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է իր իրավասության շրջանակում աջակցել քննարկված հարցերի լուծմանը:
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ:
Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում: Նշված հարցերը քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում: