Բաժիններ՝

Ֆրանսիական ընկերությունը մշակել է Երևան-«Զվարթնոց» օդանավակայան կենտրոն կապուղի կառուցելու ծրագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հուլիսի 25-ին ընդունել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական «Արտերայ» ընկերության Հայաստանի գծով ծրագրերի պատասխանատու Տիգրան Առաքելյանին և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր Մարինա Մուրադյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արտերայ» ընկերությունն առաջարկում է խորհրդատվական և տեխնիկական աջակցություն՝ կապված երկաթուղային շարժակազմի, շահագործման սարքավորումների և ազդարարման համակարգերի հետ: Ընկերությունն օգնություն է ցուցաբերում նաև որոշումների կայացմանը և իրականացմանը՝ առաջարկելով ուրույն մեթոդաբանություն, տեխնիկական փորձաքննություն և ֆինանսական մոդելավորումներ:

Հանդիպմանը Հայաստանի գծով ծրագրերի պատասխանատու Տիգրան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Արտերայ» ընկերությունը, որը մի շարք ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին, մշակել է նաև Երևան-«Զվարթնոց» օդանավակայան-քաղաքի կենտրոն կապուղի կառուցելու ծրագիր:

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ողջունել է երկաթուղային ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանն ուղղված ընկերության առաջարկությունները:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պատրաստակամություն հայտնել համագործակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս