«Ներքին զորքերի ծառայողներն Իջևան են տեղափոխվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 35 պահուստային ավտոբուսներով». Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 18-ին 168.amգրել էր, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ անցանկալի զարգացումներից խուսափելու համար Ոստիկանության ներքին զորքերի շուրջ 1000 ծառայողներին Իջևան տեղափոխելու համար փաստացի օգտագործվել են Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները։ Հրապարակել էինք նաև լուսանկար, որում երևում էր, որ այդ ավտոբուսները տեղակայված են Իջևանի կենտրոնում։

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձել էինք ճշտել, թե ինչո՞ւ է որոշվել Քաղաքապետարանի ավտոբուսներով ներքին զորքերին Ւջևան տեղափոխել, ի՞նչ ավտոբուսներ են, քաղաքի երթուղիները սպասարկող գծերի՞ց են հանվել արդյոք։

Քաղաքապետի խոսնակը 168.am-ի այդ հարցի պատասխանը չուներ։ Խնդրեց առավոտյան զանգել, ապա ճշգրտեց՝ ավելի լավ է՝ հարցում ուղարկեք։

Նյութի հրատապությունը չկորցնելու համար մենք, իհարկե, այդքան չէինք կարող սպասել, սակայն գրել էինք, որ հարցում, բնականաբար, կուղարկենք ու պատասխանն էլ, իհարկե, կհրապարակենք։

Ստորև ներկայացնում ենք Քաղաքապետարանի պատասխանն ամբողջությամբ։

«Տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունը  «Ոստիկանության մասին»  ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու է օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար:

Հիշյալ լիազորության շրջանակներում ոստիկանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժով  խնդրելով աջակցություն: Վարչական  փոխօգնության կարգով քաղաքապետարանը  աջակցության  հայտը չի մերժել և իրականացրել է անհրաժեշտ կազմակերպական աշխատանքներ, մասնավորապես, հանդիսանալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ 100% բաժնետեր,  որոշում է  կայացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 35 պահուստային ավտոբուսներով տեղափոխել ոստիկանության  զորքերի զինծառայողներին անհրաժեշտ  հավաքատեղի»,- գրված է Երևանի Քաղաքապետարանի պատասխանի մեջ:

Հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Փաստորեն, Երևանի քաղաքապետարանն այնպես է ապահովում Երևան քաղաքի տրանսպորտային համակարգից մարդկանց արժանապատիվ օգտվելու իրավունքի իրացումը, այնքան շատ են ավտոբուսները, որ մարդիկ իրար գլխի չեն լցվում, հատկապես պիկ ժամերին մի 5 հատ ավտոբուս կամ երթուղային բաց չեն թողնում, մինչև կարողանան մի կերպ խցկվել 6-րդի մեջ, որ դեռ պահուստային ավտոբուսներ էլ ունեն, ու դրանցից 35-ը տրամադրում են Ոստիկանությանը։

Տեսանյութեր

Լրահոս