«Եթե իշխանությունը չհասնի կոնկրետ ներառական արդյունքների, բնականաբար, նրա վարկանիշն ավելի է նվազելու». Քաղտեխնոլոգ
Հուլիսի 8-ին հրապարակվել է ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին և 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հարցման մեջ անդրադարձ է կատարվել նաև վարչապետի և Արմեն Սարգսյանի վարկանիշին, ըստ որի՝ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը 10 տոկոսով բարձր է վարչապետի վարկանիշից։ Այս ամենի վերաբերյալ ֆեյսբուքում գրառում էր կատարել ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
– Պարոն Հակոբյան, ըստ IRI ինստիտուտի անցկացրած հարցումների՝ ՀՀ նախագահի վարկանիշն ավելի բարձր է, քան վարչապետի վարկանիշը։ Հեղափոխության սկզբում միշտ նշվում էր, որ վարչապետի վարկանիշն ամենաբարձրն է, ի՞նչ գործընթացներ են ազդել վարկանիշի նվազման վրա։
– Նույնիսկ այն տոկոսները, որը հիմա կա վարչապետի մոտ, եթե օբյեկտիվ նայենք, ապա դրանք չափազանց բարձր են, քանի որ վարչապետի պաշտոնը՝ իր գործառույթներով, որոնք ուղղակիորեն առնչվում են սոցիալ-տնտեսական վիճակի հետ, ամենախոցելի պաշտոնն է։ Սովորաբար այդ պաշտոնը, անկախ նրանից, երկիրը խորհրդարանական է, թե նախագահական, այդուամենայնիվ վարչապետն է զբաղվում սոցիալ-տնտեսական հարցերով, նրանից են մարդիկ ակնկալում իրենց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը։
Հեղափոխությունից հետո, բնականաբար, պետք է շատ բարձր լիներ այն մարդու վարկանիշը, որն առաջնորդել և իրականացրել է հեղափոխությունը, այս ամենը տրամաբանական էր։ Բայց հասարակության մոտ ձևավորվել էին դրական գերսպասումներ, ինչը սովորաբար լինում է այն ժամանակ, երբ իշխանություն է փոխվում, բացի այդ, այստեղ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
Առաջին՝ դեռ իշխանության չեկած ուժը նախկինում որոշակի խոստումներ էր տվել՝ թռիչքաձև զարգացում, արագ փոփոխություններ, ներդրումներ, և այլն։ Երկրորդ՝ կային սպասումներ, որոնք պայմանավորված չէին այդ ամենով, յուրաքանչյուրն իր համար ծրագրեր էր կազմում, թե հեղափոխությունն ինչի համար է արվել։
Շատ դեպքերում դրանք ֆեյքային պատկերացումներ էին, որովհետև տեսնում ենք, որ տաքսու վարորդները պատկերացնում էին, որ տեսախցիկներ չեն լինելու, անտառ հատողները մտածում էին, որ ծառերը միշտ կհատեն, և այդպես շարունակ։ Հասկանալի է, որ այդ գերսպասումները որևէ ձևով չէին կարող արդարանալ և չարդարացան։
Այս առումով, եթե նախկինում, օրինակ՝ վարչապետի վարկանիշը 80 տոկոս էր, ապա հասկանալի էր, որ անկում է լինելու։ Եթե տեսնեք նախորդ տարվա մայիս-հունիսին տված իմ հարցազրույցները, դրա մասին ասել եմ, որի համար ֆեյքերը սկսեցին իմ դեմ հարձակումները։ Չնայած վարկանիշն ավելի քիչ է նվազել, քան սպասում էի։
– Իսկ ինչի՞ հաշվին է բարձրացել նախագահի վարկանիշը, քանի որ հեղափոխությունից առաջ, հատկապես նրա քաղաքացիության հետ կապված՝ հնչում էին տարբեր բացասական կարծիքներ։
– Վարչապետն անընդատ առաջին պլանում է, և բոլոր սպասումները նրանից են։ Իսկ Արմեն Սարգսյանից եթե կային որոշակի սպասումներ, ապա ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ նա գերադասում է չմտնել որևէ կոնֆլիկտի մեջ, ցուցադրական հարգանք ցույց տալ, զբաղվել սեփական PR-ով, որպեսզի շատ դեպքերում հակասությունների մեջ չմտնի վարչապետի կամ այսօրվա իշխանությունների հետ։
Այդ պատճառով էլ գերադասում է հեռու մնալ Հայաստանից և ավելի շատ լինել գործողումների մեջ։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ու նախագահը զուգահեռ իրողությունների մեջ են գործում։ Ուստի կարճ ժամանակ անց հանրության մոտ առաջացավ այն զգացողությունը, որ վարչապետից լուրջ սպասումներ չպետք է ունենալ։
Այն պարագայում, երբ չունեն որոշակի սպասումներ, ապա վարկանիշը չի կարող ո′չ իջնել, ո′չ էլ բարձրանալ։ Իռացիոնալ դաշտում է տեղավորվում այն փաստը, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը կարող է բարձր պահպանվել, որովհետև եթե իրականում մարդը կյանքի վրա որևէ ազդեցություն չթողնող գործողությունով է զբաղվում, ապա դուրս է քննադատություններից։
Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի բարձր վարկանիշը հենց սրանով է պայմանավորված, նրա գործողությունները խոցելի չեն, ավելին՝ զբաղված է շատ հաջող PR-ով, շատ դեպքերում նուրբ ձևով ցույց է տալիս իր տարբերությունը այսօրվա վարչապետից։
– Նման գործելաոճով աշխատելով՝ իշխանության վարկանիշի նվազում կրկին կլինի՞, թե՞ ոչ։
– Կարծում եմ, եթե իշխանությունը շատ կոնկրետ ներառական արդյունքների չհասնի, այսինքն՝ քաղաքացիները չհասնեն այնպիսի արդյունքների, որոնք համադրելի են իր սպասումների հետ, որոնք առաջացել են հեղափոխության ընթացքում և հետո, բնականաբար, իշխանությունների վարկանիշն ավելի է նվազելու։ Եվ այդ վարկանիշի նվազման տեմպը կախված է նաև ոչ միայն՝ նրանից, թե վարչապետը կամ իշխանությունը որքանով կիրականացնի իր գործառույթները, այլև՝ թե որքանով արագ Հայաստանում կառաջանա իրական այլընտրանք այսօրվա գործող իշխանություններին։
Նկատի ունեմ նոր այլընտրանք՝ ոչ թե այն հներին, տարբեր ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք այսօր շատ են ասպարեզում և որոնք համարվում են ընդդիմություն այսօրվա իշխանություններին։ Ուշ թե շուտ հասարակության մոտ կձևավորվի պահանջ նոր այլընտրանքի, որը կապված չէ նախկինների հետ, այլ միտված է դեպի ապագա, որն անխոցելի է բոլոր տեսակետներից։
– Իշխանությունների վարկանիշի նվազումն ինչի՞ կարող է հանգեցնել։
– Վարկանիշի նվազումը չի կարող հանգեցնել որևէ բանի, պարզապես այդ ամենն արտացոլում է երկրի առկա իրավիճակը, նաև հանրության վերաբերմունքը տվյալ իշխանությունների նկատմամբ։ Այսինքն՝ իրական կյանքն է բերում վարկանիշի նվազեցման։
Եթե իշխանությունն այնքան վատը լինի, որ վարկանիշը շատ նվազի, ապա այդ պարագայում եթե հասնում ենք սովորական ընտրությունների, հանրությունը համապատասխան եզրակացություն է անում և որոշում ընդունում, բայց եթե լինի նորմալ այլընտրանք։
Զվարթ Խաչատրյան