Ծովինարում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է երեք փողոց
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը, ասֆալտապատվում է երեք փողոց՝ ընդգրկելով շուրջ 5 հազար քմ մակերես: Ասֆալտապատվել է 1կմ երկարությաճամբ ճանապարհ 5-րդ թաղամասի 3-րդ, 3-րդ թաղամասի 18-րդ եւ առաջին թաղամասի 5-րդ փողոցներում: Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 40 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտական փուլին: Օգոստոսին այստեղ, սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում, կմեկնարկեն մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 28 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության, 40 տոկոսը՝ համայնքապետարանի ներդրումը: Աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով Ծովինար համայնք այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Արդեն գնալով մարզում լայն թափ են առնում սուբվենցիոն կամ այլ կարգի ծրագրերը, շինարարական աշխատանքները մտել են եռուն շրջան: Մենք հետևողականորեն, ամենայն ուշադրությամբ համակարգում, հսկում ենք աշխատանքները բոլոր ուղղություններում, առաջ քաշված կամ ընթացքում ի հայտ եղած հիմնախնդիրները փորձում կարգավորել ժամանակին, որպեսզի չխաթարվի ծրագրերի ընթացքը: Այսօր հասցրինք դիտարկել սուբվենցիոն ծրագրերի ընթացքը նաեւ Ծակքար եւ Լիճք համայնքներում: Իհարկե, ուրախալի է, որ մենք իրականացնում ենք հինգ միլիարդ դրամից ավելի ծավալի շինարարություն, սակայն առավել գոհ կլինենք, երբ ապահովենք շինարարության պահանջվող որակը բոլոր տեղերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն աշխատանքների որակին հետևում է մշտապես ու աչալրջորեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան