Բաժիններ՝

«Տեղեկություններ ունեմ, որ կա հատուկ հրահանգ՝ ազատվելու տարեց գիտնականներից». ԵՊՀ նախկին դասախոսը պայքարում է իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու համար

Օրերս 168.am-ի խմբագրությանն էր դիմել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դասախոս Վոլոդյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ իրեն ապօրինի հեռացրել են համալսարանից, և մինչև օրս չի կարողանում վերականգնել արդարությունը, նա համալսարանում աշխատել է մոտավորապես 50 տարի։

Նրա ներկայացնելով՝ 2016 թվականին նամակով դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի նախագահի հետ քննարկի երկրի տնտեսության ճգնաժամային վիճակը և առաջարկի լուծումներ։

«Ես մտածում էի, որ նա ինձ չի ընդունի, բայց քանի որ ես եղել եմ նրա դասախոսը, նա սովորում էր ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում, երեկոյան բաժնում, հույս ունեի, որ ինձ կընդունի։ Բայց օրեր անց ինձ ընդունեց նախագահի ծառայության վերահսկողության պետը։ Նա հուսադրեց, որ պատրաստ լինեմ, առաջիկայում տեղի կունենա հանդիպում, բայց հանդիպումն այդպես էլ չեղավ։ Քանի որ այդ հանդիպումը չեղավ, որոշեցի բաց նամակ գրել, որը տպագրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերթում, բաց նամակի մեջ թերթի խմբագրությունն ավելացրել էր, որ դասախոսը փնտրում է իր նախկին ուսանողին։ Սրանից նախագահականում վիրավորվել էին, որից հետո ինձ ԵՊՀ-ում հորդորեցին ազատման դիմում գրել։

Իհարկե, չգրեցի, բայց ինձ մեկ դրույքից դարձրեցին 0,25 դրույք, աշխատավարձս չորս անգամ կրճատեցին։ Մեկ տարի այդպես աշխատեցի և նախորդ տարի օգոստոսին ծանուցում ստացա, որ պայմանագրիս ժամկետը լրացել է, և ինձ պետք է ազատեն աշխատանքից»,- նշեց Վ. Հովսեփյանը։

Ըստ նրա, իրեն աշխատանքից ապօրինի են ազատել, ուստի որոշել է դիմել Առաջին ատյանի դատարան, բայց դատական գործընթացը հայտնվել է քաոսային վիճակում։

Նրա խոսքով, որևէ կերպ դատական ատյաններում չի կարողանում վերականգնել արդարությունը, ուստի պատրաստ է դիմել Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ, եթե այնտեղ էլ արդյունքի չհասնի, ապա դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Իշխանափոխությունից հետո Վոլոդյա Հովսեփյանը գիտության զարգացման վերաբերյալ նամակ է գրել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն տեղեկացել է, որ ներկայիս իշխանությունները կարգադրություն են անում, որպեսզի բուհերում ազատվեն տարեց  գիտնականներից։

«Լավ, եթե իշխանությունը կոչ է անում ազատվել տարեց գիտնականներից, գիտությունն ո՞վ է զարգացնելու, երիտասարդնե՞րը, սա ֆուտբո՞լ է, սպո՞րտ է։ Հիմա տեղեկություններ ունեմ, որ դատավորներն այս հարցը քննելիս ավելի շատ հիմնվում են իշխանությունների բանավոր խոսքի վրա, քան օրենքների։ Գիտությունը միակ ոլորտն է, որտեղ չի կարելի տարիքային սահմանափակում կատարել։ Հիմա բոլոր գիտահետազոտական ինստիտուտները մատնվել են անգործության, դրանք այսօր դարձել են ավելորդություն, դրանք ո՞ւմ են պետք։

Հիմա նպաստում են ոչ թե գիտության զարգացմանը, այլ հակառակը։ Այն, որ տարբեր բուհերում տարեց դասախոսներին կրճատում են, դա վերևից՝ Կառավարությունից, հատկապես՝ Արայիկ Հարությունյանի կողմից հրահանգ է, որը չեն ուզում բացահայտել»,- ասաց նա։

Նա նշեց, որ իրեն ապօրինի հեռացնելու հետ կապված՝ վարչապետին չի դիմել, քանի որ իշխանության հետ հույս չի կապում։

«Ես  չեմ վստահում վարչապետին, քանի որ նա ճիշտ կադրային քաղաքականություն չի վարում»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս