Գյումրիում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր
«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի պանելային քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի ներդրումային ներուժին և արդեն առկա նախագծերին։ Ներկայացվել է ՏՏ, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների առնչվող 50 ներդրումային ծրագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՏ ոլորտին առնչվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Շիրակի մարզում բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման և նորարական կրթական միջավայրի ստեղծման։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մոտ մեկ ու տարի առաջ էր քննարկում Գյումրի մտնել-չմտնելու հարցը: «Մեզ ասում էին՝ գյումրեցիների հետ շատ դժվար է լինելու, որովհետև հավատի ու վստահության խնդիր կա: Ասեմ, որ դժվար չէ: Ոչ միայն դժվար չէ, այլ այսօր մենք մարզպետի հետ տեխնոլոգիական խնդիրներ ենք քննարկում այստեղ»,- ասաց նա:
Համաժողովի ընթացքում պանելային քննարկումները ոլորտային էին: Առաջին քննարկումը նվիրված էր Հայաստանում գործող և նոր մեկնարկող բիզնեսներին աջակցող քաղաքականությանն ու մեխանիզմներին։ Քննարկման մասնակիցներն էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Համաժողովին ելույթ են ունեցել նաև «ԻնկոբանԿ» ՓԲԸ զարգացման և մարկետինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի խորհրդական Տիգրան Ջրբաշյանը։
«Շիրակի մարզը արվեստի, հումորի ու սպորտի կենտրոն է, այն մեծ պոտենցյալ ունի զբոսաշրջության զարգացման համար: Լինելով մի տարածաշրջանում, որտեղ կան մեծ մարդկային ռեսուրսներ, կարող է զարգանալ մարդակենտրոն զբոսաշրջությունը՝ ներկայացնելով մարդուն ու իր շրջապատը: Մինչև հիմա մեր ամենաթույլ կողմը եղել է ձմեռային սեզոնը, սակայն հիմա արդեն շատ հետաքրքիր դահուկավազքի տուրեր ենք անցկացնում: Հայկական Ձմեռ պապի հայրենիքն Արփի լճից ոչ հեռու է, և հուսով եմ, որ այս նոր գաղափարը ևս իրականություն կդառնա, և մենք էլ կունենանք հայկական Լապլանդիա: Որպես խնդիր պետք է նշենք, որ շատ տուրիստական ընկերությունների կողմից, ցավոք, Գյումրին տուրիստական վայր դեռ չի դիտարկվում: Կուզենայինք հատուկ ուշադրություն դարձվեր հատկապես Բավրա անցակետից սկսած ճանապարհների վրա: Հաջորդ խնդիրը նաև Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհն է, որը դժվարանցանելի է: Եթե մենք կարողանանք լուծել ճանապարհների հարցը, մենք կակարողանաք ավելացնել զբոսաշրջիկների թիվը»,- ներկայացնելով մարզի ներուժն ու խնդիրները՝ նշեց «Բեռլին արթ հոթել»-ի գործադիր տնօրեն, Հայաստանում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը:
Շվեյցարիայից Հայաստան վերադարձած ծնունդով գյումրեցի տնտեսագետ Արտուշ Եղիազարյանը, վերադառնալով Հայաստան, որոշել է հայրենի Գյումրիում հիմնադրել Herbs and Honey («Բույսեր ու մեղր») թեյարանը: Այն դարձել է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: «10 տարի առաջ ես շատերի պես բողոքում էի՝ բոլորը մեղավոր էին, բացի ինձանից ու հետո եղավ գիտակցության փոփոխություն՝ ես ի՞նչ եմ արել իմ հանրապետության ու իմ քաղաքի համար, ու ընկերներով որոշեցինք փոքր ասոցիացիա հիմնել ու օգնել համայնքներին: Դա գիտակցության փոփոխությունն էր: Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, 2 տարի առաջ վերադարձա Հայաստան, Գյումրին զարգացնելու՝ ստեղծելով 14 աշխատատեղ, ևս 10 ընտանիք սեզոնային օգտվում է մեր գործունեությունից, իսկ հիմա փորձում ենք ընդայնվել և առաջ գնալ»,- նշեց Արտուշ Եղիազարյանը՝ առանձնացնելով ենթակառուցվածքների խնդիրը:
Արմենուհի Մխոյան