Արցախ ներմուծված ապրանքների ծավալն առաջին կիսամյակի ընթացքում աճել է 14.2 %-ով

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 67.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 8.4 մլրդ դրամով կամ 14.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից` մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 52.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52 մլրդ դրամի դիմաց:

Ընդ որում, 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում Արցախի տարածք է ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 9.3 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.7 մլրդ դրամ և արտահանված 10.6 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց:
Աղբյուրի հաղորդմամբ` առաջին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.1%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.1 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար`90 % և 7.8 %:

Տեսանյութեր

Լրահոս