«Չեմ պատկերացնում, որ մարդիկ բոլորը կազմակերպված էին ոտքի ելել». Տավուշի նախկին մարզպետ
Հուլիսի 17-ին տեղի ունեցած բախումներից հետո Իջևանում շարունակվում է ոստիկանական ուժեղացված հսկողությունը։ Երեկ քաղաքում համեմատաբար հանգիստ էր, չնայած ոստիկանների բազմաքանակությանը։ Քաղաքացիների կողմից նոր ակցիաներ չեն եղել։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ, 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է որակել այն, որ ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին:
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաև, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ ոչ մի կոմպրոմիս չի լինելու ապօրինի գործողություններին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ կա գործոն, որ ապօրինի անտառահատումների բիզնեսով հարստացողներն են դրդում հասարակ աշխատողներին գնալ ակցիաներին, սակայն, ըստ նրա, տեղի ունեցածը չի կարող ամբողջությամբ կազմակերպված լինել. «Որոշակի միտում կա, բայց ամբողջությամբ կազմակերպված չեմ կարող համարել։ Չեմ պատկերացնում, որ մարդիկ բոլորը կազմակերպված էին ոտքի ելել։
Սա վերջին քայլն էր, որ արդեն պայթեցրեց այդ իրավիճակը»։
Ըստ նրա՝ մարդիկ հրաժարվում են օրական 10-15 հազար դրամ վարձատրությամբ աշխատանքից մի պարզ պատճառով՝ ծառ հատելով ավելի մեծ եկամուտ ունեն. «Իրենք ամբողջությամբ պատկերացնում են, որ 3-4 ժամում կարելի է 20-30 հազար դրամ աշխատել, իսկ նույն գումարի համար այլ վայրում պետք է 3 օր աշխատեն»։
Վ. Ղալումյանը չհամաձայնեց, որ ոստիկանների գործողությունները չափից ավելի կոշտ են եղել, և անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների դեմ. «Բացարձակ համաձայն չեմ դրա հետ, որ ոստիկանենրն անհամաչափ ուժ են կիրառել։ Ոստիկանները եղել են բաց ձեռքերով, ոչ մի հատուկ միջոցներ չեն ունեցել, մահակներ չեն ունեցել, պաշտպանիչ վահաններ չեն ունեցել»։
Դիտարկմանը, որ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն ուժի կդիմի, իշխանական պատգամավորը նշեց, որ այս անգամ ոստիկանները բաց ձեռքերով են եղել, բայց եթե բաց ձեռքերով գնում են ու մահակներով և խողովակներով հարվածներ ստանում, հավանաբար հաջորդ անգամ պետք է այդ խնդրին էլ պատրաստ լինեն։
Որևէ նմանություն նախորդ իշխանության օրոք ոստիկանության գործելաոճի հետ Վ. Ղալումյանն այժմ չի տեսնում. «Նախորդ իշխանությունը ոստիկանական գործողություններ արել է իր իշխանությունը պահելու համար։ Մենք կաշկանդված չենք՝ իշխանությունը պահելու քայլեր անենք, որպեսզի ժողովրդի որոշակի մասի անօրինական պահանջները կատարենք»։
Անդրադառնալով իջևանցի կանանց բողոքներին, որ գիշերվա ուշ ժամին ոստիկանները ներխուժել են տներ և իրենց զավակներին ու ամուսիններին մակահասակ երեխաների աչքի առաջ կոպիտ ձևով բերման են ենթարկել, Վ. Ղալումյանը պատասխանեց. «Այդ մասին չեմ կարող որևէ բան ասել, որովհետև ներկա չեմ եղել նման միջադեպի։ Բայց որ այդ մարդկանց պետք է ձերբակալեին՝ իրականությունը հասկանալու համար, չեմ քննադատում ոստիկաններին»։
Նա նշեց, որ մնացած հետախուզվողներին հայտնաբերելու և գործը քննելու ընթացքում ոստիկանությունն ամեն ինչ պետք է անի օրենքի շրջանակներում։
Վ. Ղալումյանի կարծիքով՝ պետք է հետաքննել նաև ոստիկանների գործողությունները. «Այդ միջադեպերն էլ, կարծում եմ, պետք է գնահատականի արժանանան։ Եթե կանայք պնդում են, որ ոստիկանների մեջ էլ մեղավորներ կան, դա էլ պետք է պարզվի։ Եթե ոստիկանը մեղավոր լինի, միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվի»։
Իջևանցի կանանց հայտարարությունները, որ ոտքի կելնեն, եթե իրենց զավակներին ու ամուսիններին «տանեն բերդեր», Վ. Ղալումյանը տեղին չի համարում. «Ի՞նչ կարող են անել, եթե ոտքի ելնեն։ Սա էլ ոտքի ելան անօրինական պահանջով։ Եթե կրկին ճանապարհ փակեն, ճանապարհը պետք է բացվի։ Անօրինական պահանջների դեմ, անօրինական ճանապարհ փակողների դեմ պետք է նույն ձևով միջոցառում կիրառվի»։
Ըստ նրա՝ տեղին չեն նաև համեմատությունները, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քաղաքացիներն էլ էին փողոցներ փակում անցած տարի ապրիլ-մայիսին, և այժմ մյուս քաղաքացիները կրկնում են այն, ինչ սովորել են վարչապետից։
«Մենք հեղափոխություն իրականացրել ենք օրենքի պետություն ստեղծելու համար, այս միջոցառումները օրենքի պետություն ստեղծելու որոշակի օղակ էին։ Եվ այս ակցիաները դրանց հետ որևէ կապ չունեն, իրենց պահանջները բացարձակ անօրինական են»։
Թե ինչո՞ւ էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնել Իջևան, արդյո՞ք այդտեղ ազգային անվտանգության խնդիր կա, Վ. Ղալումյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել՝ ինչի համար է եկել։ Ոստիկանապետի հետ ուժային կառույցների խորհրդակցությանն է մասնակցել, հավանաբար՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար է եկել։ Սա ազգային անվտանգության խնդիր չի, բայց ընդհանուր պետական, երկրի բնապահպանական շատ մեծ աղետի հետ կապված խնդիր է, որ այսպես թողնելը շատ մեծ բացասական հետևանքներ կարող է ունենալ»։
Հարցին, թե այնուամենայնիվ, հնարավո՞ր չէր քաղաքացիների հետ խոսել, բացատրել, ինչո՞ւ գործը հասավ բախումների, Վ. Ղալումյանը նշեց, որ ինքը 2 օր քաղաքացիներին ժամերով բացատրել է, իրենից առաջ մարզպետն է խոսել, բայց արդյունք չի եղել. «Քաղաքացիները ոչ մի կոմպրոմիսային տարբերակի չեն համաձայնել։ Նշել են միայն իրենց պահանջները՝ Դիլիջանի ոլորանների ներքևում դրված պահակակետը պետք է հանվի, թույլտվությունը պետք է 50% զեղչվի և ծավալներ տրամադրվեն անտառ մտնելու, անտառից փայտ հանելու համար»։
Նախկին մարզպետը չբացառեց, որ մարդու իրավունքների ոտնահարումներ են եղել. «Հնարավոր է՝ առանձին որոշակի դեպքեր եղել են, որովհետև ակցիան ինքն իրեն շատ ծավալուն էր, և հնարավոր է՝ նման դեպքեր եղած լինեն։ Քննությունը կպարզի»։