«30-ականների «տրոյկայի» ոճով, նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, գիշերային որոշում են կայացնում». նոր գրոհ՝ Վահագն Վարագյանի ղեկավարած կենտրոնի դեմ
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ կապված ոդիսականը նոր թափ է հավաքում։
Տևական ժամանակ է, որ իշխանությունները հնարավոր ու անհնարին ամեն ջանք գործադրում են՝ փակելու համար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը։
Կենտրոնը փակելու՝ իշխանությունների անզուսպ մղումը, ըստ համալսարանում համառորեն շրջանառվող լուրերի, ազգային-պահպանողական գաղափարների դավանող Վահագն Վարագյանին որևէ կերպ սորոսական, «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանով փոխարինելն է, նույն այն Դավիթ Պետրոսյանով, ով քաջ հայտնի է ԵՊՀ-ում տարատեսակ խժդժություններ հրահրելու փորձով, նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ելքը խոչընդոտելով, ինչի պատճառով վերջինս հայտնվեց հիվանդանոցում։
Այսօր, ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Պետրոսյանը նշել է, որ նման բան չկա, ոչ նման առաջարկ է ստացել, լինելու դեպքում էլ՝ հաստատ կմերժի։
«Այդ լուրերը տարածել են մի քանի լրատվամիջոց, որն իրականությանը չի համապատասխանում»։
Լավ է, որ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ լուրերը լրատվամիջոցներն են տարածում, իսկ թե որտեղի՞ց են ծնունդ առնում նման խոսակցությունները, ինքը պետք է որ լրատվամիջոցներից լավ իմանա։ ԵՊՀ-ն փոքր կառույց չէ, իսկ ուսանողների ու դասախոսական կազմի բերանները փակելն այնքան էլ հեշտ գործ չէ։
Գուցե հիմա արդեն Դավիթ Պետրոսյանը մերժի կենտրոնը կամ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերակազմավորված ինչ-որ նմանատիպ կառույց ղեկավարելու առաջարկը, քանի որ արդեն հարցի շուրջ բավականին մեծ է աղմուկը։ Հետո, իհարկե, հանդարտվելուց հետո, մի բան կմտածեն թերևս։ Չի կարող չգնահատվել նրա անուրանալի վաստակը համալսարանի այսօրվա վիճակի հարցում։
Իսկ մինչ այդ ևս մեկ անգամ շեշտում ենք, որ իր՝ այս հարցում շահառու լինելու մասին համալսարանում չի խոսում միայն նա, ով ալարում է։
Ինչևէ, հունիսի 28-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, երեք անգամ տարբեր հիմնավորումներով ու ձևակերպումներով կենտրոնը լուծարելու հարցը դրվեց քվեարկության, բայց այդպես էլ բավարար կողմ ձայներ չհավաքվեցին, ինչն իշխանություններին թույլ կտար ազատվել իրենց համար գլխացավանք դարձած այդ թնջուկից։
Այդ նիստից հետո՝ հունիսի 29-ին, Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր.
«Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ:
Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց՝ ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է, և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ ողջ կառուցվածքը, ապա պետք է արձանագրել, որ Համալսարանն ու համալսարանական ինքնավարության միջավայրը շատ խորը ճգնաժամի մեջ են: Ամեն դեպքում, անթույլատրելի է, որ հարյուրամյա ավանդույթներ ունեցող Մայր Բուհի վարչական միավորներից մեկի ղեկավարի պատճառով Համալսարանը նման փորձությունների ենթարկվի:
… Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Զորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատելու աշխատանքից և ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակին, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը: Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին»։
Թվում էր, թե հարցը սրանով գոնե առժամանակ կփակվի, այլևս, գոնե պարկեշտությունից ելնելով, հարցն օրակարգային չի դառնա, քանի որ դժվար էր պատկերացնել, որ կենտրոնը լուծարելու ուղղությամբ գործադրված այդքան համառ, բայց ապարդյուն «ջանքերից» հետո իշխանությունները կրկին կփորձեն նոր գրոհ կազմակերպել կենտրոնի ու, մասնավորապես, Վահագն Վարագյանի վրա, բայց, փաստորեն, մենք թերագնահատել էինք նրանց «կարողությունները»։
Այսօր ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին: Արժե՞ր, որ նախորդ նիստին ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման երեք անգամ քվեարկության դրված ու մերժված հարցը նորից տանեիք հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով, ծածկադմփոց անելով, առանց քննարկման, և վերջապես՝ արժե՞ր ԵՊՀ 100-ամյակին քայլել Համալսարանի կանոնադրության վրայով՝ պետական հոբելյանական հանձնաժողով ձևավորելու փոխարեն՝ այդպես շնորհավորելով Մայր բուհի 100-ամյակը: Անկեղծ ասած, վերջին շրջանում զուտ միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ ցանկանում էի հասկանալ՝ մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ: Ցանկանում էի հասկանալ՝ ինչքա՞ն եք շարունակելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին և ռեկտորի պաշտոնակատարին օգտագործել՝ որպես ձեր քաղաքական մանրումիջին հաշվեհարդարների գործիք՝ համալսարանական միջավայրում ներարկելով 1930-ականների սովետական գարշահոտությունը: Հիմա հասկանում եմ և ֆիքսում, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական»։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն ասաց, որ այժմ կենտրոնի լուծարմանն իշխանություններն ուզում են հասնել հոգաբարձուների խորհրդի միջոցով հարցման կարգով։
«Համալսարանի կանոնադրությունը ոտնահարելով, համալսարանի պատմության մեջ առաջին անգամ գիտխորհրդի կարծիքը չհարցնելով՝ փորձում են կառուցվածքային ստորաբաժանում լուծարել»,- ասաց կենտրոնի ղեկավարը։
Մեր այն հարցին, թե նախորդ նիստի ժամանակ երեք անգամ հարցը քվեարկության դնելուց ու անցկացնել չկարողանալուց հետո՝ այժմ ի՞նչ հիմնավորմամբ են հարցում ուղարկում հոգաբարձուների խորհրդին, Վահագն Վարագյանը պատասխանեց.
«Հիմա նախորդ դարի 30-ականների «տրոյկայի» ոճով, նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, գիշերային որոշում են կայացնում ու հարցում են ուղարկում, որպեսզի հոգաբարձուների խորհուրդը քվեարկի։ Ըստ էության հոգաբարձուների խորհրդին այս կերպ ներքաշում են կեղծիքի մեջ»։
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի դիրքորոշման վերաբերյալ մեր հարցին, կենտրոնի ղեկավարը նշեց, որ նրանց պատասխանը կլինի մինչև շաբաթվա վերջ, ու միայն այդ ժամանակ կարող ենք հասկանալ, թե խնդրի շուրջ ի՞նչ մոտեցում ունի հոգաբարձուների խորհուրդը։
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ մտնում են 32 հոգի։ Այժմ գնդակը նրանց դաշտում է, և այդ 32 անդամներն են որոշելու կենտրոնի ճակատագիրը, իսկ մինչ այդ, Վահագն Վարագյանն ասաց, որ իրեն կենտրոնի ղեկավարումից հրաժարվելու ուղիղ առաջարկ չի արվել։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, իրավաբան Արթուր Վաղարշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցումը ստացել է երեկ երեկոյան, սակայն այս պահին չի կարող ա ասել, թե այն հակասո՞ւմ է բուհի կանոնադրությանը, թե՞ ոչ։
«Հիմա ուսումնասիրում եմ, որ հասկանամ՝ կանոնադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, ըստ կանոնադրության՝ կառուցվածքային ստորաբաժանումներն ինչպե՞ս են ստեղծվում, ի՞նչ հիմքով, և այլն։ Նախորդ նիստում առաջարկեցի գիտխորհրդում քննարկել, հետ բերել, հիմա կարծես թե առանց գիտխորհրդի քննարկման՝ առաջադրել են»,- ասաց Արթուր Վաղարշյանը։
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչին հարցրինք նաև, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը, պե՞տք է արդյոք համալսարանին ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, թե՞ ոչ։
«Ճիշտն ասած, անցած անգամ, երբ հարցն ուզում էին օրակարգ մտցնել, իմ առաջարկությամբ այն չընդգրկվեց օրակարգում։ Ես ասացի, որ պետք է նախ քննարկել, հասկանալ՝ պետք է մեզ, պետք չի… Ես ինքս էլ չգիտեմ, դա համալսարանի գիտխորհուրդն ավելի լավ կիմանա։ Դրսի անդամները շա՞տ են հասկանում՝ դա համալսարանին պե՞տք է, թե՞ ոչ։ Դրա համար ես առաջարկեցի գիտխորհրդում քննարկել, ու եթե գիտխորհուրդը կորոշի վերացնել կենտրոնը, նոր՝ վերացնել»,- ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը՝ շեշտելով, որ իր ստացած հարցման մեջ նաև հիմնավորումներ կան ներկայացված, բայց ինքը դրանց էլ չի ծանոթացել դեռևս։
Ամեն դեպքում, ինչպես նշեց Արթուր Վաղարշյանը, իր որոշումը չի հակասի համալսարանի կանոնադրությանը։