«Պարոն Բեքմեզյան, եթե Ձեր ափից հոտ քաշելով՝ մասնակցում եք դատական նիստերին, ուրեմն՝ Ձեզ ասելու բան չունեմ». Տավարացյանը՝ Գրիգոր Բեքմեզյանին

Այսօր ԲԴԽ-ում տեղի ունեցավ  Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով նիստ. նման նախաձեռնությամբ էին հանդես եկել ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը։

Նրանք իրենց պահանջը հիմնավորեցին նրանով, որ Նախշուն Տավարացյանը նախորդ տարի հրաժարվել է ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները, փոխարենը՝ օրեր առաջ նա երդվեց։

Գրիգոր Բեքմեզյանը նաև հայտարարեց, որ Նախշուն Տավարացյանը նախորդ մեկ տարվա ընթացքում չի ներկայացել ԲԴԽ նիստերին և տեղյակ չի եղել, թե ինչ է այդ նիստերին քննարկվում։

Ի պատասխան՝ Ն. Տավարացյանն ասաց, որ այն անձը, որն իր լիազորությունները չի ստանձնել երդմամբ, երբևէ չի կարող պատասխանատվության կանչվել՝ երդմամբ սահմանված պարտավորությունների չկատարման համար։

«Հարցը բաց է մնում, թե արդյոք ես օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով 2018 նոյեմբերի 8-ից համարվո՞ւմ եմ ԲԴԽ անդամ, թե՞ ոչ։ Ես չեմ համարվում  խորհրդի անդամի պաշտոնը ստանձնած անձ, քանի որ խորհրդի օրինական անդամ հանդիսանում է օրենքով սահմանված գործընթացի վերջին փուլը՝ երդման գործընթացը կատարածը, որը  չի կատարվել։ Ես համարվում եմ խորհրդի պաշտոնը ստանձնած իմ երդման օրվանից՝ սյուն թվականի հուլիսի 11-ից։ Ինչ վերաբերում է իմ կողմից ստանձնած վերջին փուլի ձախողմանը, ապա կարծում եմ՝ տեղի ունեցածին պետք է գնահատական տրվի դատավորի վարքագծի կանոնների շրջանակներում, այլ ոչ թե խորհրդի անդամի լիազորությունների շրջանակներում»,- ասաց Ն. Տավարացյանը։

Նա նաև Գրիգոր Բեքմեզյանին հիշեցրեց, որ որպես իրավաբան-գիտնական՝ շրջանցել է Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի պահանջը և ամբողջ մեղքը բարդել  իր վրա։
«Պարոն Բեքմեզյան, եթե դուք Ձեր ափից հոտ քաշելով՝ մասնակցում եք դատական նիստերին և գիտեք, որ այդ օրը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է լինելու, առանց ծանուցման, ուրեմն՝ Ձեզ ասելու բան չունեմ»,- շեշտեց Ն. Տավարացյանը և ընդգծեց, որ դատական խորհուրդը նիստ անցկացնելուց առաջ օրվա մասին նախապես ԲԴԽ անդամներին ծանուցումներ է ուղարկում, ինչն ինքը չի ստացել։

Նշենք, որ նիստն այսօր հետաձգվեց, ԲԴԽ անդամներն ասացին, որ հաջորդ նիստի օրվա մասին կտեղեկացնեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031