Բաժիններ՝

«Այդպես լավ չէ, գնացեք պատի հետևը կանգնեք». Վարորդների իրավունքների պաշտպանը՝ ՃՈ աշխատակիցներին

«Անբարեխիղճ վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծը կընդունվի այս աշնանը»,- այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են նաև քաղաքացիական ակտիվիստները։

Վարչապետն առաջարկել է՝ չավելացնել արագաչափերի և տեսախցիկների թիվը։ Փոխարենը՝ վարորդներին ավելի խիստ են պատժելու։

Վարորդն ամեն տարի կունենա ընդամենը 9 բալ։ Փոքր խախտումների համար (մինչև 5000 հազար դրամ տուգանք) հանելու են 1 միավոր։ Ոչ սթափ վիճակում վարելու և արագությունն ավելի քան 50 կմժ-ով գերազանցելու համար հանելու են 4 բալ։ Վարորդը, որը մեկ տարում կսպառի բոլոր 9 միավորները, կզրկվի վարորդական իրավունքից:

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրեն կարդարացնի այս նոր բալային համակարգը:

«Կարծեմ՝ մինչև 2005 թվականը նման համակարգ էր գործում: Հատուկ հրավիրում էին նիստի, թքում-մրում էին: Այն ժամանակ մեկ անգամ տուգանում էին, երկրորդ անգամ կանչում էին նիստի, ու տուգանքն ավելի բարձր էր լինում: Երրորդ զգուշացման դեպքում եղել է, որ զրկել են վարորդական իրավունքից: Իսկ դրանից առաջ եղել է տալոն՝ կտրոն, որն ամեն անգամ ծակում էին, ու, երբ դա վերջանում էր՝ ասում էին, որ վարորդական վկայականն ուժը կորցրել է, պետք է գնա քննության: Վատ չէր, բայց արդյունք չէր տալիս: Հիմա այդ հեծանիվը որ հայտնագործում են, վաղուց կար: Ա՛յ ընկեր ջան, այն ժամանակ ի՞նչ օգուտ էր տալիս, որ հիմա տա»,- պատասխանեց վարորդների իրավունքների պաշտպանը:

Նրա խոսքով՝ օրերս ՃՈ մեքենաները ձայնային ազդանշաններն անջատած, բայց լույսերը միացրած՝ կանգնել են փողոցում, և վարորդները տեսնելով այդ մեքենաները՝ զգոն վարել են:

«Հրաշք էր: Երկու տարի է՝ մեզ կոտորում ենք՝ ասելով, որ՝ երբ ծառայություն եք իրականացնում, լույսերը միացրեք, որ տեսնեն, զգոնանան: ՃՈ աշխատակիցներն ասում են՝ որ միացնենք, կտեսնեն, խախտում չեն անի: Այդպես լավ չէ, գնացեք պատի հետևը կանգնեք»,- նկատեց Արտակ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է տեսախցիկներին՝ վարորդների իրավունքների պաշտպանը հայտնեց, որ հիմա այդքան բողոքող չկա, ժողովուրդն ասում է՝ բերեք-ավելացրեք:

«Բերդ քաղաքից խնդրել են միջնորդել, որպեսզի իրենց մոտ տեսախցիկներ տեղադրվեն, քանի որ ոստիկանները չեն վերահսկում: Արագաչափերի հետ կապված մի բան էլ կա. ասում ենք՝ արագաչափի հատվածը լուսավորեք, որովհետև մութ է նկարում, և մարդիկ կասկածում են, մեզ պատասխանում են՝ երբ լուսավորենք, հեռվից կերևա, որ արագաչափ կա, կդանդաղեցնեն արագությունը»,- հավելեց Արտակ Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս