«Անջրպետը, որը պետք է վերացներ հեղափոխությունը, այսօր ակնհայտ առկա է, ինչպես նախկին իշխանության ժամանակ». Հոգեբան
«Եթե այս երկիրը չտեսնենք, այլ միայն լրատվականներով լսենք, ապա ստացվում է, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ լավ է։ Երբ բաց աչքով ենք նայում, պարզվում է, որ բոլորովին էլ այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Ըստ նրա՝ մինչև այսօր իշխանությունների տված լոզունգներից, խոստումներից որևէ մեկը իրականություն չի դարձել։
Այդ ամենի հետևանքը լինելու է բացասական, նույնիսկ այսօր կան բացասական տրամադրություններ, օրինակ՝ երբ գյուղացիները Կառավարության շենքի մոտ ջրի համար բողոքում էին, Կառավարության որևէ անդամ նրանց հետ չխոսեց ու չլսեց։
«Անջրպետը, որը պետք է հեղափոխությունը վերացներ, այսօր ակնհայտ առկա է, ինչպես նախկին իշխանության ժամանակ»,- նշեց հոգեբանը։
Հոգեբանի խոսքով՝ պետք է դիտարկել այն կերպարներին ու նրանց տված խոստումները, որոնք եղել են հեղաշրջման մեջ։
«Այսօր համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանն ասում, որ «կարմիր գծերով» են ժողովրդին թալանում, որը բավականին մեծ զանգվածի, հատկապես՝ օրինախախտ վարորդներին շատ դուր եկավ, քանի որ ունեին տուգանքներ և մտածում էին, որ կկարողանան «պլստալ», բայց սա չէ խնդիրը, ոչ էլ սևերի ու սպիտակների բաժանելը։ Այս տրադիցիան Նիկոլ Փաշինյանինը չէ, սա ամբողջ աշխարհում միշտ էլ եղել է։ Լենինը դա արեց Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, երբ սկսվեցին գնդակահարությունները, որը հիմնավորում էր նրանով, որ իբրև հակահեղափոխականներ են, այնպես, ինչպես այսօրվա ԱԺ շատ պատգամավորների կենսագրություններում կա մեկ տող՝ քայլել են։ Այսինքն՝ սա ավելի կարևոր է , հասկանո՞ւմ եք, որ մենք խոսում ենք ոչինչ չասող մի տողի մասին»,- շեշտեց հոգեբանը։
Նա նաև նկատեց, որ այսօր տեղի է ունենում խաբեությունների մեծ շարք, բայց իշխանությունները փորձում են դեռևս ամեն ինչ պահել վերահսկողության տակ։
Ավագանու նախկին անդամ, փորձագետ Մարինա Խաչատրյանի բնորոշմամբ՝ այն, ինչ կատարվում է ներկայիս իշխանությունում, աբսուրդ է, քանի որ հայտարարում են մի բան, անում մեկ այլ բան։
«Հայտարարել են, որ պետք է լինի արդարություն, բայց այսօր ունենք քաղբանտարկյալներ, խոսում են տնտեսական աճից, բայց տներից վտարում են մեր քաղաքացիներին՝ հաշվի չառնելով երեխաների տարիքն ու հիվանդներին, կամ՝ հայտարարում են, որ ունենալու ենք առողջապահական լավ համակարգ, բայց գարդասիլ են բերում Հայաստան, և մենք կրկին տեսնում ենք գումարների մսխում։ Այսինքն՝ այն, ինչ հայտարարվել է՝ բացարձակապես սուտ է»,- ասաց Մ. Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այսօր հայ հասարակությանը բաժանել են երկու խմբի, և ագրեսիվ զանգվածն իշխանության կողմից է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան