Ի՞նչ են փնտրել դատավորի աշխատասենյակում և համակարգչում

ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակիցները երեկ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Հատուկ քննչական ծառայությունից ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ ասել են. «ՀՔԾ-ում գտնվող քրեական գործի շրջանակներում կատարվել է խուզարկություն»:

Ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ առգրավել են նրա համակարգիչը։ ՀՔԾ-ում չեն հերքել տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորն է։

Իհարկե, ՀՔԾ-ից այլ մանրամասներ չեն հայտնել:

Ինքը՝ Դավիթ Գրիգորյանն aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ  իր աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», – ասել է դատավորը։

Հիշեցնենք, մայիսի 22-ին Դավիթ Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչ ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը, Ա.Սիրունյանը  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սևերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, այլ՝ ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ կատարեց՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել»,  կամ՝ «պագրիշկա գողացողին  սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», և այլն:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշեց ընթացք տալ՝  նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի, կամ սուտ մատնության, և խնդրել, որ անկողմնակալ մարմնի կողմից կատարվի քննություն։ Հաջորդ օրը Ա. Սիրունյանը հաղորդում էր տվել առ այն, թե Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

Ի դեպ, նշենք նաև, որ հանցագործության մասին հաղորդումն այս ընթացքում դեռևս ՀՀ դատախազությունում ուսումնասիրման փուլում էր։

Տեսանյութեր

Լրահոս