«ՎԵՏՕ»–ի անդամները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016թ.-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ:
«Մենք Վանոյանի օգնությամբ ենք այդ գունդը ստեղծել: Ամեն անգամ այստեղ գալուց զայրույթ եմ զգում նման գործողությունների հանդեպ ու գլուխս եմ խոնարհում նրանց հերոսության առջև: «Սասնա ծռերի» անդամներին կոչ կանեի եկեղեցում մոմ վառեն, ապաշխարեն, և ոչ թե՝ իրենց հերոս ներկայացնեն: Այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռերի» անդամների մամուլի ասուլիսը, ու ես նրանց խոսքերում բացարձակապես զղջման, ներողության արտահայտություն չզգացի: Հույս ունեմ, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի, և նրանք կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, կզբաղվեն քաղաքական գործունեությամբ, սեպ կխրեն Հայաստանի և Արցախի միջև ու կփորձեն այս օրը հարամել ու համարել հուլիսյան ապստամբության օր: Դա արդեն ամեն ինչի վերջն է: Ընդ որում, հասել են այն աստիճանի, որ փորձում են Սահմանադրության մեջ ներառել զինված ապստամբության իրավունքի իրավական նորմը: Սա ցինիզմի դասական օրինակ է»,- հավելել է ոստիկանության գնդապետ, ներկայումս «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Ռոբերտ Մելքոնյանը:
Նշենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է.
«2016 թվականի հուլիսի 17-ին զինված ահաբեկչական խմբավորումը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը, ինչի արդյունքում եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին ոստիկաններ, թալանվեց բանկոմատ, այրվեցին, ոչնչացվեցին ծառայողական ավտոմեքենաներ և պետական այլ գույք:
Այդ ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ովքեր չընկրկեցին և զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Կրակոցները, որոնց զոհ գնացին մեր ոստիկանները, իրավամբ կրակոցներ էին նաև մեր պետության, մեր պետականության դեմ»:
Անի Կարապետյան