«Անկախ  միտումնավոր տարբեր շահարկումներից՝  հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածաշրջանում որոշակի ստաբիլության գործոն է». թուրքագետ

Հուլիսի 12-ից Ռուսաստանը սկսել է խոշոր բեռնատար օդանավերով Թուրքիա փոխադրել Ս-400 տեսակի համակարգերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ շուրջ 100 թուրք մասնագետներ մեկնել են Ռուսաստան ռուսական ԶՀՀ Ս-400-ի հետ աշխատելու հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Տարբեր փորձագետների գնահատականներով՝ սրանք վկայում են ռուս-թուրքական խորացող հարաբերությունների մասին: Արդյո՞ք սա ռիսկային է Հայաստանի համար.  168.am-ը գնահատականներ լսեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից:

«Ընդհանրապես, մեր տարածաշրջանը բարձր ռիսկի կշիռ ունեցող տարածաշրջան է,  բայց կոնկրետ  ռուս-թուրքական հարաբերությունների վերջին ջերմացումը, չեմ կարծում, որ  կարող ենք գնահատել՝ որպես կոնկրետ ռիսկ կամ սպառնալիք Հայաստանի նկատմամբ՝ երկու առումով.  Առաջինը՝ Թուրքիան սպառնալիք հանդիսացող երկիր է, բայց միևնույն ժամանակ՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը տասնամյակներով արդեն զսպիչ ուժ է Թուրքիայի համար, և չեմ կարծում՝ Ս400-ների  վաճառքը կարող է  էականորեն փոխել Թուրքիայի վերաբերմունքը հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի նկատմամբ:

Եվ երկրորդը, որ  ՌԴ-ն, այնուամենայնիվ, այս տարածաշրջանում ուն իր շահերը, իր աշխարհաքաղաքական նպատակները,  և այդ նպատակներում ամենևին էլ  անկախատեսելի Թուրքիայի հզորացումը չի տեղավորվում, և, բնականաբար, Հայաստանը՝ որպես Ռուսաստանի կարևոր գործընկեր այս տարածաշրջանում, շարունակելու է պահպանել իր կարևորությունը»:

Ըստ թուրքագետի՝ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական փոխշահավետ դաշինքը շարունակելու է տարածաշրջանում մնալ՝ որպես ստաբիլության գործոն. «Անկախ  հակառուսականության չափաբաժնի ավելացումից և  միտումնավոր տարբեր շահարկումներից, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն ունի այս տարածշրջանում՝ ինչպես երկկողմ հայ-ռուսական փոխշահավետ նշանակություն, այնպես էլ՝ տարածաշրջանում որոշակի ստաբիլության գործոն է,  քանի որ այս տարածաշրջանն անկանխատեսելի  զարգացումների և սպառնալիք ներկայացնող պետությունների, տվյալ պարագայում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, շահերի հատման տիրույթում է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս