Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային բուժումը կկատարվի պետպատվերով
Պետությունը բարեփոխումներ է իրականացրել ճառագայթային բուժման ծառայությունում: Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, անկախ սոցիալական վիճակից, ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումը, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: Նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը՝ էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով): Ընդ որում, այդ սարքերով բուժումն իրականացվում էր միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց, բռնադատվածների համար: Այդ սարքերով բուժումն իրականացվում էր նաև Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և մինչև 7 տարեկան երեխաների համար:
Հուլիսի 4-ին իրականացված բարեփոխումներից հետո հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում՝ VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ընդ որում, առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը 7 տարեկանից բարձրացել է մինչև 18:
Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար պետական պատվերով անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընդգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:
Առողջապահության նախարարի հրամանով վերանայվել և բարձրացվել են նաև պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝ մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից TERAGAM ճառագայթային սարքով բուժումը դարձել է 9500 դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից դարձել է 18800 ՀՀ դրամ:
Արդյունքում ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի որակի վրա: