ԱՄՆ-ը ցանկանում է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը: Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում է այլ պետությունների օգնություն ցույց տալու հարցերով:
Հրատարակության տվյալներով՝ USAID-ը մտադիր է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային եւ Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղեւորվող միգրանտների հոսքի կրճատման միջոցների ձեռնարկման համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն է Վենեսուելայում, որն ազդում է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: Հունիսին Պետդեպարտամենտի մամուլի ծառյության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է դադարեցնել ֆինանսական օգնության տրամադրումը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին այն պատճառով, որ այդ երկրների իշխանությունները վճռական միջոցներ չեն ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: