Բաժիններ՝

Բեյրութում ցուցադրվելու է «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» փաստավավերագրական ֆիլմը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հուլիսի 17-ին կկայանա «Կիլիկիա՝Առյուծների երկիրը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

Փաստավավերագրական այս ժապավենը ցույց է տալիս հայոց պատմության մեծագույն էջերից մեկը, Փոքր Ասիայի մեջ հիմնված Կիլիկիայի թագավորությունը՝ իր երեք դարերի գոյության ընթացքում (1080-1375), երբ հայերը դիմադրեցին ամեն տեսակ թշնամիների, պայքարեցին ազատության համար, ստեղծեցին իշխանություն, ապա՝ հզոր թագավորություն: Ժապավենը բաղկացած է երեք մասերից:

Այս ֆիլմը յուրահատուկ նշանակություն ունի հայ մշակույթի համար, որովհետեւ երեք դարերի շնչահեղձ պատմությունը ավելի քան բավարար էր իր կարեւոր տեղը ապահովելու պատմության էջերի եւ ողջ հայության սրտերում:

Ժապավենը պատմում է Կիլիկիայի փառահեղ ու հզոր թագավորության մասին: Պատմական բնույթ կրող առկա ժապավենների մեջ այս ֆիլմն իր ոլորտի մեջ միակն է:

Ժապավենը նախաձեռնել է Լիբանանի Խաչատուրյան ընտանիքը եւ ԳՈՀԱՐ-ը՝ Հարութ Խաչատրյանի անգնահատելի մեկենասությամբ` նպաստելու համար Կիլիկիայի Հայոց թագավորության փառահեղ պատմության պահպանմանն ու տարածմանը:

Եռամաս ժապավենի արտադրությունը համապատասխանում է պատմական տեսակի ժամանակակից բոլոր չափանիշներին, Հայաստանում ՝ «Դոմինո Փրոդաքշըն» ընկերության արտադրությամբ, արհեստագիտական եւ մասնագիտական առաջադեմ արտադրություն է: Այս տեսակի եւ նմանօրինակ արտադրություն մինչ այժմ չի ներկայացվել հայկական աշխարհում:

Ժապավենի առաջին բաժինը ներկայացնում է Կիլիկիայի երեք դարերի պատմության առաջին շրջանը՝ (1080-1198)՝ սկսելով 11-րդ դարի իշխանության հիմքերից, մինչեւ մեծագույն հայ թագավորները՝Ռուբինյան տոհմի Լեւոն թագավորը: Առաջին ժապավենի գլխավոր հերոսներն են Թորոս Բ իշխանը, Լեւոն Բ իշխանը՝ ծանոթ իբրեւ «Լեռների տերը», որ Խաչակիրների արշավանքների հետ իր մասնակցությունը բերելով, հայտարարեց Կիլիկյան թագավորությունը եւ պսակադրվեց իբրեւ Լեւոն Ա թագավոր։

Երկրորդ ժապավենը ոչ միայն հենվում է պատմական փաստերի վրա, այլ նաեւ խորաթափանց կերպով նկարագրում է Կիլիկիայի իշխանների միջեւ հակամարտությունները եւ ներքին հալածանքները, պատկերացում է տալիս ազնվական ընտանիքների միջեւ տիրող փոխհարաբերությունների մասին: Հիմնականը՝ այն կենտրոնանում է Կիլիկիայի գահի միակ ժառանգորդ Զաբելի շուրջ: Նա ամուսնանում է իր իշխանի զավակի՝ Հեթում Ա-ի հետ՝ հետագայում Ռուբինյան Հարստությունը անվանելով Հեթումյան արքայատոհմ՝ նոր թագավորի անունով։

Վերջին կարժամետրաժը ցույց է տալիս այն ժամանակները, երբ Կիլիկիան, իբրեւ հզոր հիմքերի վրա ստեղծված թագավորություն, բազմաթիվ մշակութային եւ դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Եվրոպայի հետ: Սակայն, հետագայի մնայուն թշնամական արշավանքների պատճառով աստիճանաբար թուլանում է Կիլիկիայի թագավորության հզոր ուժը: Վերջին մի քանի կատաղի մարտերը գերհզոր Մեմլուքների բանակների դեմ մահացու են դառնում Կիլիկիայի թագավորության համար։ Երեք հարյուրամյակների ուշագրավ պատմությունից հետո թագավորությունը կործանվում է:

Ժապավենի վերջին տեսարանը ներկայացնում է Կիլիկիայի վերջին Լեւոն Ե թագավորի հուղարկավորության պատկերը: Նրա գերեզմանը գտնվում է Ֆրանսիայի Սենթ-Դենիզ քաղաքում:

Կիլիկիայի թագավորության մասին «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» վավերագրական կարճամետրաժ եռամաս ժապավենի հեղինակները նպատակ ունեն միջազգային շուկա հասցնել ժապավենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս