Թե ինչպես մեկ զեկույցը ցուցադրեց իշխանությունների մասնագիտական ու քաղաքական մերկությունը
Նախօրեին տեղեկատվական դաշտում հիմնական քննարկվող թեման կապված էր սոցցանցում հրապարակած Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող արձանագրության հետ։ Հանձնաժողովի արձանագրությունում, ի թիվս այլ դիտարկումների, նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) «դատավոր»-«անդամ» ձևակերպումների շուրջ վեճը, իսկ ՍԴ դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։
Այս փաստաթուղթն իշխանական ողջ համակարգի համար ոչ միայն անակնկալ էր, այլև՝ շոկային: Զեկույցից պարզ դարձավ, որ գործող իշխանությունները ոչ միայն սուտասան են (փաստենք, որ ՀՀ իշխանությունների սուտասան լինելու ազդակը եկավ միջազգային կառույցից, ինչի մասին կարող ենք շատ երկար խոսել), այլ այն, որ իշխանություններն ուղղակի պատրաստ չեն հարված ընդունելու, առավել ևս՝ այդ հարվածները պահելու: Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ իշխանություններին մերկացրեց բոլոր առումներով, ավելի ճիշտ կլինի նշել, որ հանձնաժողովը վերահաստատեց այն մասնագիտական ու քաղաքական մերկությունը, որն իշխանություներն ունեին։ Հավելենք, այդ մերկության մասին Հայաստանում շատերն են բարձրաձայնել:
Ըստ էության՝ վենետիկյան զեկույցը ցնցեց ողջ պետական համակարգը, վստահաբար կարելի է ասել, որ համակարգը պատրաստ չէր այդ հարվածը կրելուն:
Վերջին երկու օրվա ընթացքում իշխանության թևից հնչած բոլոր մեկնաբանություններն անճարության, խուճապի, անգրագիտության ու բացահայտ ստի տիրույթում էին: Երբ հայացք ենք գցում ԱԺ պատգամավորների մեկնաբանությունների վրա, դրանք հիշեցնում են ռուսական հայտնի «Կալամբուր» երգիծական մանրապատումների հումորային սքեչները (Վլադիմիր Վարդանյան, Լենա Նազարյան, Հրաչյա Հակոբյան), իսկ, ասենք, Արդարադատության նախարարության վստահություն չներշնչող ու անմեղսունակ հայտարարությունը վկայում է գերատեսչությունում հավաքվածների դիլետանտության մակարդակը, և այդ պարզաբանումն ավելի շատ հիշեցնում էր մանկական էսսե, քան պետական գերատեսչության ռելիզ: Ի դեպ, բավականին զավեշտալի և իրարամերժ էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած կուրյոզ պատասխանը:
Հիմնական հնչող ինքնաարդարացնող թեզերը մոտավորապես հետևյալ բովանդակության էին՝ «նախկին իշխանության ներկայացուցիչները մանիպուլացնում են Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները», «իշխանությունները պետք է պարզեն՝ այն ինչպես է հրապարակվել ու լույս տեսել մամուլում»: Մեկ բառով՝ իշխանական բուրգը և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում պատրաստ չէր նման հարվածին, ու այս փուլում բոլորի հույսը նորից Նիկոլ Փաշինյանն է, ով վաղը սպասվող հարցազրույցով կփորձի հերթական անգամ «սվաղել» իրավիճակը և իր թիմակիցների զավեշտալի կիքսերը:
Հիմա այս ամենը վերծանենք ավելի մատչելի տեսքով. ստացվում է՝ հարյուրից ավելի պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր ունեցող Փաշինյանն իր թիմում չունի երկու-երեք ծանրակշիռ ու ադեկվատ չինովնիկ, ովքեր կկարողանային ներկայացնել իշխանության մոտեցումը և համապատասխան պարզաբանումներ հնչեցնեին, որպեսզի երկրի վարչապետը ստիպված չլինի ամեն անգամ նորից ողջ նախաձեռնությունն ու պատասխանատվությունը վերցնել իր ձեռքը: Այսինքն, իշխանության մեջ ընդգրկված «փաշինյանական մակաբույծների» բանակը հերթական անգամ հույսը դրել է Փաշինյանի մանիպուլյացիոն արվեստի վրա՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ իրենք ոչնչի ընդունակ չեն. այլ հարց է, թե վաղը Փաշինյանի մոտ որքանով կստացվի տալ հարցի վերաբերյալ հոդաբաշխ պատասխան, դա արդեն կպարզվի միայն հարցազրույցից հետո:
Ամփոփելով՝ նշենք, որ իշխանության սնակնությունը ապացուցվեց մեկ միջազգային զեկույցի բովանդակությամբ ու դա այլևս կայացած փաստ է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի