Բաժիններ՝

Կենտրոնական բանկի պահուստները դեռևս չեն վերականգնվել

Վերջին ամիսներին Կենտրոնական բանկը (ԿԲ) ակտիվորեն տարադրամ է գնում։ Չնայած դրան` տարեսկզբի կտրուկ նվազեցումից հետո ԿԲ արտաքին պահուստները դեռևս ամբողջությամբ չեն հասցրել վերականգնվել։

Ինչպես հայտնի է, կտրուկ նվազում տեղի ունեցավ հունվարին. պահուստները մեկ ամսվա ընթացքում կրճատվեցին 265 մլն դոլարով։ Եթե անցած տարվա դեկտեմբերին դրանք հասնում էին 2 մլրդ 259 մլն դոլարի, ապա այս տարվա հունվարին իջան ընդհուպ մինչև 1 մլրդ 994 մլն դոլար։

Թե ո՞րն էր այդքան կարճ ժամանակահատվածում արտաքին պահուստների կտրուկ անկման պատճառը, այդպես էլ անհայտ մնաց։ Փոխարենը` հայտնի է, որ արժութային շուկայի տատանումները հարթելու կամ մեղմելու նպատակով հունվարին ԿԲ-ն տարադրամի ներարկում չի արել։ Այսինքն` պահուստները չեն ուղղվել արժութային շուկայի հավելյալ պահանջարկը բավարարելուն։

Հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Կենտրոնական դրամատունը տարադրամի վաճառք ընդհանրապես չի կատարել նաև փետրվար-ապրիլ ժամանակահատվածում։ Մնում է ենթադրել, որ հունվարին արձանագրված արտաքին պահուստների կտրուկ տեղաշարժը պայմանավորված է եղել այլ գործոններով, հավանաբար՝ արտաքին տարադրամային պարտավորությունների սպասարկմամբ։

Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ Հայաստանի արժութային շուկայում նկատվեց տարադրամային հոսքերի ակտիվացում` լավ հնարավորություն ստեղծվեց տարվա սկզբին կորցրածը հետ բերելու համար։ Այլ հարց է, թե այս ընթացքում որքանո՞վ է հաջողվել վերականգնել արտաքին պաշարները։

Ապրիլից սկսած ԿԲ-ն ակտիվ տարադրամ է գնում։ Այնքան ակտիվ, որ երբեմն պարզապես չի հասցնում թվերի հետևից։

«ԿԲ նախագահն այսօր այս ամբիոնից հայտարարել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է 131 մլն դոլար։ Մինչև ԿԲ նախագահն այստեղից հասել է Կենտրոնական բանկ, այդ դոլարի թիվը հասել է 154 միլիոնի»,- հունիսի 19-ին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի օր հետո նա հնչեցրեց մեկ այլ տվյալ` գնված տարադրամի ծավալների վերաբերյալ` «Կենտրոնական բանկն արդեն պահուստավորել է 171 մլն դոլար»։

Վարչապետն այս հայտարարությունը կառավարության հունիսի 27-ի նիստում դեռ չհնչեցրած` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոր տվյալ հրապարակեց. գնված տարադրամի քանակն արդեն հասել էր 185 մլն դոլարի։

Պետք է ենթադրել, որ դա ևս վերջը չի եղել։ Հավանաբար դրան հաջորդող շրջանում ևս Կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթ ներքաշել։ Այդպես մտածելու համար հիմք է տալիս արժութային շուկայում ձևավորված իրավիճակը։ Չնայած գնված մեծ քանակությամբ տարադրամին` դոլարի գինը դեռևս բարձրանալու միտում չի ցուցաբերում։ Մի բան, ինչը նշանակում է, որ առաջարկի ճնշումը պահպանվում է։

Այն ինչքան կշարունակվի, հայտնի չէ։ Որքան էլ դոլարի էժանացումը կամ, այլ կերպ ասած, դրա նկատմամբ ազգային արժույթի ուժեղացումը ճնշում է հայրենական ապրանքների արտահանմանը և մրցունակությանը, այնուհանդերձ դա լավ հնարավորություն է ԿԲ պահուստները համալրելու համար։

Կենտրոնական բանկը սկսել է շուկայից հավելյալ տարադրամ ներքաշել դեռևս մարտից։ Բայց ակտիվությունը նկատելի է դարձել հատկապես ապրիլից։ Այդ ամսին ԿԲ-ն գնել է ավելի քան 56,6 մլն դոլար։ Մայիս-հունիսին ձեռք բերված տարադրամի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Այնուհանդերձ դատելով վարչապետի և Կենտրոնական բանկի նախագահի հայտարարություններից` այդ ամիսներին գնվել է առնվազն ևս 124 մլն դոլար։

Նախորդ տարիների համեմատ՝ սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Դրանք գումարներ են, որոնք ուղղվում են ԿԲ արտաքին պահուստների համալրմանը։

Չնայած ապրիլից Կենտրոնական բանկն ակտիվ տարադրամ է գնել, այնուհանդերձ, դա միշտ չէ, որ հանգեցրել է արտաքին պահուստների ավելացմանը։ Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին, դրանք նույնիսկ նվազել են։

Պաշտոնական տվյալներով՝ մարտին ԿԲ արտաքին պահուստները գերազանցել են 2 մլրդ 154 մլն դոլարը։ Արդեն ապրիլին, չնայած ներքին շուկայից ներքաշված լրացուցիչ 56,6 մլն դոլարին, դրանք նվազել են 4 միլիոնով` կազմելով 2 մլրդ 150 մլն դոլար։ Միտումը շարունակվել է նաև մայիսին. այդ ամսին պահուստները կրճատվել են ևս 24 մլն դոլարով` հասնելով 2 մլրդ 126 մլն դոլարի։

Եվ միայն հունիսին է վերսկսվել Կենտրոնական բանկի միջազգային պահուստների համալրումը։ Մեկ ամսում դրանք ավելացել են 90 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ պահուստները կազմել են 2 մլրդ 216 մլն դոլար։

Դրանով հանդերձ, դեռևս չի հաջողվել ամբողջությամբ հետ բերել տարեսկզբի տարադրամային կորուստները։ Դրա համար անհրաժեշտ կլինի պահուստները համալրել ևս 43 մլն դոլարով, ինչը հավանաբար բարդ չի լինի` վերջին շրջանում նկատվող արտարժույթի ակտիվ հոսքերի պայմաններում։

Իհարկե, դա դեռ ամբողջը չէ։ ԿԲ պահուստները զգալիորեն կրճատվեցին նաև թավշյա հեղափոխության օրերին և իշխանափոխությունից անմիջապես հետո։ Անցած տարվա ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ԿԲ միջազգային պահուստները նվազեցին ավելի քան 240 մլն դոլարով։ Թեև դրանք հետագայում համալրվեցին, այնուհանդերձ, այդպես էլ չհասան նախկին մակարդակին։

Հիմա լավ առիթ է` երկրի տարադրամային պաշարներն ավելացնելու համար։ Հատկապես, որ դրա անհրաժեշտությունն առաջիկայում կարող է շատ զգացվել. տնտեսական զարգացումներն այս փուլում տարադրամի հոսքերի ավելացման օգտին չեն։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը գնալով վատանում է։ Ցածր է ներդրումային ակտիվությունը, արտաքին պարտքի հաշվին վարկային միջոցների ստացումը ևս դանդաղել է` ծախսերի ցածր կատարողականի հետևանքով։ Որոշակի ակտիվություն կա մասնավոր տրանսֆերտների ներհոսքի առումով, սակայն դա էլ ուղեկցվում է տարադրամի արտահոսքի ավելացմամբ։

Այս պայմաններում ներքին արժութային շուկայում դոլարի բարձր առաջարկը պահպանվում է։ Որքան էլ փորձ է արվում դա պայմանավորել զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ, միևնույն է, դա բավարար չէ նման ենթադրություններ անելու համար։ Զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան գուցե ակտիվացել են, բայց ոչ ապրիլից սկսած։ Առավել ևս, որ դրանց տեմպերն այնքան բարձր չեն, որ կարող էին այսքան երկար ժամանակ արժութային շուկայում այդպիսի իրարանցում առաջացնել։

 

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս