Նոր նախագիծ է առաջարկվում՝ հետիոտնին տուգանելու համար
Բացի անկարգապահ վարորդներից՝ մեծ է ուղևորների մեղավորությունը օրեցօր աճող վթարների դեպքում: Շատ մոտ ստորգետնյա կամ վերգետնյա անցումները, հետիոտնային անցումները թողած, առանց նայելու լուսացույցին, փողոցը ցանկացած հատվածից փորձում են հատել՝ հույսները երևի թե դնելով իրենց թափանցիկ լինելու վրա:
Օրենքով Հայաստանի փողոցները չնախատեսված հատվածով անցնող քաղաքացիները պետք է տուգանվեն 5,000 դրամով, իսկ 3,000 դրամ տուգանք էլ նախատեսված է նրանց համար, ովքեր անցել են անցումով, բայց կարմիր լույսի տակ։
«Մեր ճանապարհային կանոնների ու օրենսդրության մեջ շատ իդեալական որոշումներ կան, որոնք կյանքի չեն կոչվում. Օրինակ՝ քարսիթների կիրառման մասով կարգավորումը վաղուց կար, կարծեմ՝ 2007 թվականին, սակայն վերջերս մի փոքր օրենքում փոփոխություն մտցրին, ու բոլորի մոտ տպավորություն էր, թե նոր են նման օրենք ընդունում: Ինչ վերաբերում է հետիոտներին, ապա նրանց սկսեցին տուգանել 2010-2011 թվականներից, և տարեկան տուգանքները մի քանի տասնյակ հազար դրամի էին հասնում, որի արդյունքում քաղաքի որոշ կենտրոնական փողոցներում այդ հարցը լուծվեց: Բայց դրան հաջորդող տարիներին երեք արձանագրություն է կազմվել, այսինքն՝ չի կիրառվում:
Հիմա պարեկային հսկողության նոր նախագիծ է առաջարկվում, որը նախատեսում է նոր մեխանիզմ, որտեղ պարտադիր չի լինի, որ քաղաքացու մոտ լինի անձնագիր. տեղում կկազմվեն արձանագրությունները: Սա և՛ հետիոտնից ավելորդ ժամանակ չի խլի, և՛ ոստիկանության ուժերից շատ ռեսուրս չի պահանջի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին՝ պետք է ստեղծել պայմաններ, նոր կիրառել այս ամենը:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանն էլ հավելեց.
«Ամեն վարորդ մեր հետիոտնի պոտենցիալ զոհն է: Վերգետնյա անցումները թողած, բռնում փողոցն են անցնում: Էն օրը մի կին երեխայի հետ կտրեց ու անցավ փողոցը: Ասում եմ՝ դու ջհանդամ, գոնե երեխային հանի վերգետնյա անցումով ուղարկի, ասում ա՝ քշի, հա: Ինչ ասես նմաններին: Այստեղ պետությունն է մեղավոր: Չես կարող երեք միլիոն բնակչության գիտակցությունը գեղեցիկ քարոզներով բարձրացնել:
Բոլոր օրենքները կան, չեն կիրառում: Ասում են՝ բան ու գործ չունե՞նք՝ 3000 դրամի համար տանենք քաղմաս, հետո էլ կռիվ անենք սխալ վայրից անցնողների ընտանիքի անդամների հետ»:
Անի Կարապետյան