Բաժիններ՝

«Ամենակարևոր կարգավորող փաստաթուղթն է, իսկ այն կես տարուց ավելի մշակված է ու  հաստատված չէ». էներգետիկայի մասնագետները՝ հոսանքազրկումների մասին

«Ինչ որ կատարվեց մի քանի օր առաջ,  մեզ համար շատ մտահոգիչ է.  Ո՞վ գարանտիա կտա, որ էլի նույն բանը չի կրկնվի»,- լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունը բարձրաձայնեց շուրջ 50 տարի էներգետիկ համակարգը ներկայացնող ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը՝ անդրադառնալով հանրապետության մեծ մասում տեղի ունեցած հոսանքազրկումներին, որոնք շատերն անվանեցին «բլեյք-աութ»:

Ս. Ազատյանը տեղեկացրեց, որ մշակվում են տվյալներ՝ հասկանալու միջադեպի պատճառները:

«Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը հավելեց, որ չկան անվտանգության չափորոշիչներ, որոնք կփաստեն, կերաշխավորեն՝ հնարավոր է նման միջադեպերի կրկնություն, կամ ոչ: Նա բացեց փակագծերը՝ մշակվել են անվտանգության չափորոշիչներ, որոնք ցայսօր չեն կիրառվում. «Անցյալ տարի մենք Արևմտյան Եվրոպայի,  Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Ամերիկայի  փորձից օգտվելով՝ մշակեցինք սեփական փորձը: Այդ նորմերը մշակված են, հանձնված են. աշխատանքը հասել է նաև նախարարություն, ցավոք, մինչ օրս հաստատված չէ:

Ո՛չ մի դիտողություն, ո՛չ մի առաջարկություն. շատ զարմանալի էր, նման կարևոր փաստաթղթին և մինչ օրս հաստատված չէ. առաջ նման բան չկար՝ կամ հաստատվում էր, կամ մերժվում էր: Դա ինչ-որ առումով անհասկանալի մոտեցում էր»:

Ս. Հակոբյանը նշեց, որ այդ փաստաթուղթը  համակարգային առումով ամենակարևոր կարգավորող փաստաթուղթն է, իսկ այն կես տարուց ավելի մշակված է ու  հաստատված չէ:

Անդրադառնալով վթարին՝ նա նշեց, որ նման բան չպիտի լինի, եթե ճիշտ,  օպերատիվ և ավտոմատ կառավարում է իրականացվում:

Վթարներից համեմատաբար պաշտպանված լինելու և մատչելի հոսանք ունենալու միակ տարբերակը, ըստ  Ս. Ազատյանի՝ Ատոմակայանի նոր բլոկն է.  «Առաջին նախագահին ես եմ համոզել վերաթողարկել, գոնե մի բլոկն աշխատեցնել, քանի որ  նույնքան էներգիա արտադրելու համար 2 հազար տոննա մազութ պիտի վառվեր, իսկ մենք ինքնաթիռի մեկ ռեյսով ընդամենը բերում էին այնքան միջուկային վառելիք, որ կմոռանային մազութ ու գազ»:

 

Զա­­­­­րուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս