Սույն թվականի հուլիսի 11-ի Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի /այսուհետ՝ Զեկույց/Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն
«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սույն թվականի հուլիսի 11-ի Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի /այսուհետ՝ Զեկույց/Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն:
Նախ՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանական թևի հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ դատական բարեփոխումները քննարկելու նպատակով: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ վեթինգի կիրառումը բոլոր դատավորների նկատմամբ անպատակահարմար և անօգտակար կլինի. փոխարենը՝ կուժեղացվեն կարգապահական ընթացակարգերը, և կապը եկամուտների հայտարարագրման համակարգի հետ:
Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանյան կողմը մինչև հուլիսի վերջ պետք է Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը ստանալու նպատակով՝ ներկայացներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, սակայն, այդ փոփոխությունների փաթեթը դեռ չի ներկայացվել՝ պատրաստ չլինելու պատճառով:
Բացի այդ՝ Զեկույցում անդրադարձ է կատարվում Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարանի յոթ դատավորների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու խնդրին: Հատկանշական է, որ Զեկույցի մեջ հղում է կատարվում Սահմանադրության 213-րդ հոդվածին, որը որակում է որպես պարզ և աներկբա կարգավորում, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Հատկապես ուշագրավ է Զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է, որ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այդ դատավորի հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից, և կարող է գործող դատավորների մանդատներին միջատելու ռիսկ հանդիսանալ:
Շնորհակալ եմ Վենետիկի հանձնաժողովին՝ իր գործունեության սկզբունքներին չդավաճանելու, իրերն իրենց անունով կոչելու և իրավունքի գերակայության սկզբունքի իրական երաշխավոր լինելու համար»: