Եթե Վրաստանի կառավարարությունը նման որոշում ընդունի, ապա ցորենի, հացի գները կբարձրանան մոտ 100-150 դրամով». Հրաչ Բերբերյան
Նախորդ տարի Վրաստանի կառավարությունը որոշել էր արգելել իր տարածքով բեռնատարներով ապրանքների՝ ցորենի, անասնակերի ներկրումը։ Սակայն բանակցությունների արդյունքում Վրաստանի կառավարությունը մտադրությունը փոխեց և որոշման իրագործումը հետաձգեց մինչև այս տարվա հոկտեմբերի մեկը։
Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը, հավանական է, որ գործի հոկտեմբերի 1-ից, այսինքն՝ այս անգամ Վրաստանն իրագործի իր որոշումը և այն չփոխի։
168.am-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ, եթե Վրաստանի կառավարարությունը նման որոշում ընդունի, ապա ցորենի, հացի գները կբարձրանան մոտ 100-150 դրամով։
«Եթե նման բան լինի, պետք է գոնե ներկրողները բարեխիղճ լինեն, և իրենք էլ անտրամաբանական շատ չբարձրացնեն գները։ Նախորդ տարի, երբ նման խոսակցություններ կային, վրացի վարորդներն իրենց դժգոհությունն էին արտահայտում, քանի որ բազմաթիվ վարորդներ այդպես աշխատում են, այսինքն՝ մենք Վրաստանում համախոհներ ունենք։ Կարծում եմ՝ սա մեր թերությունն է, որ չենք կարողանում սեփական հարաբերությունները կարգավորել հարևանների հետ»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Նա տեղեկացրեց, որ բազմիցս է ՀՀ բոլոր կառավարություններին առաջարկել Հայաստանում ու Վրաստանում ստեղծել ֆերմերային շուկաներ, այսպիսով ինչ-որ կերպ լուծում տալ այդ հարցին։
«Այսպիսով, նախ՝ գյուղամթերքի ինքնարժեքը կիջներ, առաջին ձեռքից որակյալ արտադրանք կստանայինք, բայցի այդ, Վրաստանը նման համագործակցությամբ չէր արգելի օգտագործել ցամաքային ճանապարհը։ Վրաստանը մեր «քթի տակ»՝ հասնում ենք ռուսական շուկա, բայց դե մեզ մոտ ուղեղ ունե՞ն, որ մտածեն՝ ինչ-որ լավ բան անեն։ Այ մարդ, հետո էլ զարմանում են, թե ադրբեջանական խնձորը ո՞նց է հայտնվում Հայաստանում, շատ սովորական՝ Վրաստանի միջոցով։ Շատ հարցեր կան, որոնք Կառավարությունը Վրաստանի հետ կարող է լուծել հօգուտ մեզ»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը գործելու համար ամեն ինչ ունի, բացի մեկ բանից, թե ի՞նչ, Բերբերյանը չասաց՝ նշելով, որ իրենք դրա մասին լավ գիտեն։
Ըստ նրա, դեմագոգություն կլինի մտածել, թե Հայաստանը կարող է այնքան հացահատիկ արտադրել, որ հացահատիկ չներկրի կամ քիչ ներկրի։
«Մենք նախարարներ ունեինք, որ այդպես էին մտածում, բայց սա աբսուրդ է, եթե մենք մեր բոլոր հողերն էլ մշակենք, ապա մեզ կրկին հացահատիկ անհրաժեշտ կլինի։ Մենք առնվազն պետք է արտադրենք մոտավորապես 400 հազար տոննա, բայց հիմա արտադրում ենք առնվազն երեք անգամ պակաս։ Մեր պատգամավորներն ավելի շատ եվրոպաներում են քարշ գալիս, քան հարցեր լուծում, հարևան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատում, մեր «քթի տակի» գործերին ուշադրություն չեն դարձնում»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան