«Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի». Վարչապետ
«Ինքս եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր և 9-րդ դասարանի երեխաների հետ նստել եմ Ամերիկյան համալսարանի լսարանում և անգլերեն եմ սովորել։ Հեղափոխությունը սա է, և ես միշտ ասում եմ, եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում և իր կրթական մակարդակը թեկուզ նոր իմացությամբ ու նոր գիտելիքով չի հարստացնում, ինքը կորցնում է ժամանակը և փորում է մեր և, առաջին հերթին՝ իր հուսահատության փոսը»,- այսօր Լոռու մարզում «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետը մի շարք նախարարների հետ մասնակցում է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպած «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը:
Նրա խոսքով՝ արդեն դուրս են եկել հուսահատության փոսից, քայլում են հույսի կածաններով, և անհրաժեշտ է կառուցել հույսի ճանապարհը, որի համար արդեն հստակ գիտեն, թե ինչ պետք է անել։
«Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի, սա է այն ճանապարհը, որով մենք պետք է փոխենք մեր կյանքը։ Իսկ սրա համար մենք պետք է ոչ միայն արդյունաբերության զարգացմանը, սարքաշինությանը, վերամշակվող արդյունաբերությանը, բարձր տեխնոլոգիաների արտադրությանը, սպասարկման ոլորտներին աջակցող ծրագրեր իրականացնենք և զուգահեռ, նույնքան արագ և արդյունավետ գանք ու հասնենք այսպիսի կենտոնների։ Երբ խոսում ենք տեխնոլոգիական իրականության մասին, շատերին թվում է, թե սա հումանիտար ձևերի նսեմացում է, ամենևին՝ ոչ։ Տեխնոլոգիական երկրի համար ցանկալի է ունենալ զարգացած մշակույթ, արվեստ, գրականություն։ Այսօր աշխարհում չեք տեսնի որևէ զարգացած երկիր, որը չի ունեցել զարգացած գրականություն ու մշակույթ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ շատ է խոսվում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրների մասին, և հարցը միշտ քննարկվում է, լսում են տարբեր փորձագետների կարծիքներ։ Հայաստանում բնակչության թվաքանակի ավելացման հարցը լուծվել է այն ժամանակ, երբ եղել է զարգացած արդյունաբերություն, և դա եղել է Խորհրդային Միության ժամանակ։
«Արդյունաբերության զարգացման հեղինակները եղել են մեր նախնիները, այն ժամանակ մենք ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Գոհար Գասպարյանը և այլք։ Ես ուզում եմ ցույց տալ, որ մտածելու կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ և այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է պայմանավորված»,- ընդծեց Ն. Փաշինյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նոր Հայաստանի քաղաքացին հավատում է ինքն իրեն։
Զվարթ Խաչատրյան