«Պետք է անել առավելագույնը՝ որքան հնարավոր է՝ իրանական գազ բերել, ինչքան հնարավոր է՝ ապրանք տալ. Հայկ Գևորգյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ իրանական գազի ներմուծումը Հայաստան կարող է աճել, ներկայումս բազմակողմանի բանակցություններ են ընթանում: Առաջիկայում սպասվում է իրանական մասնագետների խմբի այց Հայաստան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը 168.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցություններն ընթանում են «ապրանք՝ գազի դիմաց» բանաձևի շուրջ:
Ըստ նրա՝ իրանական գազի դիմաց հայկական կողմը կարող է վճարել ոչ միայն էլեկտրաէներգիայով, և հնարավոր են նաև այլ տարբերակներ:
«Մենք Իրանի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որ կա Իրանի շուրջ: Այսինքն՝ դրամական փոխանցումներ չեն կարող լինել պատժամիջոցների պատճառով, մնացած տարբերակները պետք է լինեն ապրանքափոխանակության հիման վրա: Եվ այդ ոլորտում պետք է անել առավելագույնը՝ որքան հնարավոր է՝ գազ բերել, ինչքան հնարավոր է՝ ապրանք տալ»,- ասաց Հ.Գևորգյանը:
Դիտարկմանը, որ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը՝ հաշվի առնելով կալորիականությունը, Հ. Գևորգյանը նշեց, որ կանխիկ գումարով ձեռք բերելու դեպքում հաշվարկն այլ է, իսկ ապրանքափոխանակության դեպքում՝ այլ, և, օրինակ, «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքում գազը բավականին մատչելի է, եթե հաշվում ենք էլեկտրաէներգիայի գնով.
«Այս փոխանակումները տնտեսվարման նորմալ պայմաններ չեն, միշտ ավելի լավ է փողով գնել ու վաճառել ինչ-որ բան, բայց ստեղծված իրավիճակում պետք է փորձենք այդ մանևրն անել»:
Թե բացի էլեկտրաէներգիայից՝ հայկական ո՞ր ապրանքը կարող է հետաքրքրել իրանական կողմին՝ պատգամավորը նշեց, որ ընտրությունը տարբեր կարող է լինել:
Հարցին՝ արդյոք ռուսական կողմը չի՞ խոչընդոտի, գազային պայմանագիրը թույլ տալի՞ս է, Հ.Գևորգյանը նշեց, որ դա գործադիրի խնդիրն է, բայց երկու կողմի հետ պետք է բանակցել և բանակցությունների միջոցով կարելի է լուծում գտնել: