Բաժիններ՝

«Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով ՝ վարչապետը, իր կինը, իրենց աղջիկը, դասեր են տալիս մամուլին». Արմինե Օհանյան

«Ինձ տհաճ է, ես չեմ ուզում անգամ անդրադառնալ այդ թեմային, որովհետև համարում եմ, որ երիտասարդ աղջիկն իրավունք չունի, և չի սազում…»,- այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ մամուլի ֆինանսավորման մասին հայտնի ֆեյսբուքյան գրառմանը:

Հիշեցնենք, որ Մարիամ Փաշինյանը մասնավորապես գրել էր. «Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են»:

«Տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով ՝ վարչապետը, իր կինը, իրենց աղջիկը, դասեր են տալիս մամուլին, մանավանդ, մի քիչ ուշադիր լիներ՝ կտեսներ,որ պետռեգիստրում գրանցված  լրատվամիջոցների (գոնե տպագիր)  հիմնադիրների կազմը հայտնի է, ֆինանսական հաշվետվություններն ամեն  տարի տպագրում ենք, դա օրենքի պահանջն է:

Բացի այդ՝ պետք է հաշվի առնել՝ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերն իրենց ընտանիքն է, այսինքն՝  էդ պրիտենզիաները նախ և առաջ պետք է ուղղեն իրենք իրենց»,- հավելեց Ա. Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք նաև, որ մամուլի ֆինանսավորման հարցերին Անթիլիասում վերջերս տեղի ունեցած  Հայ մամուլի համահայկական համաժողովի բացման հանդիսությանը անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա մասնավորապես ասել էր. «Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է. այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված «փաստերի» մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին: Իհարկե, այս իրավիճակն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները, առաջինը և ամենակարևորը ֆինանսավորման աղբյուրներն են: Ես չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ, որովհետև բոլորը գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում, գիտեն, թե մյուսներն ինչպես են ֆինանսավորվում, և գիտակցում են, որ մյուսներն էլ գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում: Ֆինանսավորման խնդիրը, իմ խորին համոզմամբ, հայաստանյան մամուլի ներկա իրավիճակի համար առաջին պատճառն է: Որևէ լրատվամիջոց որևէ տեղեկատվություն իր էջերում զետեղելիս՝ հաշվի է առնում, թե դա որքանով է իր ֆինանսավորողի քիմքին հաճելի:

Այս իրավիճակի լուծումը, իմ կարծիքով՝ մեկն է՝ հանրությունն ինքը պետք է իր լրատվամիջոցի ֆինանսավորողը դառնա, այլ ճանապարհ չկա»:

 

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս