«Բնապահպանության նախարարությունը սիգի պաշարների մոնիտորինգի համար դեռևս մրցույթ չի հայտարարել». Բարդուխ Գաբրիելյան
Դեռևս մայիսին 168.am-ը գրել էր, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը այս տարի Սևանա լճում սիգի պաշարների հաշվարկի համար ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին գումար չի տրամադրելու։
«Սովորաբար Բնապահպանության նախարարությունն ամեն տարի սիգի պաշարների հաշվարկի համար տենդեր է հայտարարում։ Սովորաբար, մեզանից բացի, Հայաստանում որևէ մեկը չի կարողանում այդ գործն անել, այդ պատճառով էլ ամեն տարի մենք մասնակցում և տենդերը շահում ենք։ Բայց այս տարի նախարարությունը որոշեց, որ տենդեր չի լինելու, երբ պատճառների մասին հետաքրքրվեցի, նախ՝ պատասխանեցին, որ տրամադրվող գումարը քիչ է, որի արդյունքում էլ հաշվարկի արդյունքները լիարժեք չեն լինի, ուստի տենդեր չեն հայտարարել, մինչև գումար հայթայթեն։
Մյուս կողմից էլ՝ ասել էին, որ մեր հաշվարկների արդյունքում եղած տվյալները վստահելի չեն։ Այժմ ինձ մոտ հարց է առաջանում, եթե վստահելի չէին մեր տվյալները, ինչո՞ւ էին արդյունքներն այդքան տարի ընդունում ու ոչինչ չէին ասում։ Բացի այդ, ամենալավ ապացույցը կյանքն է, որը ցույց է տվել, որ այսքան ժամանակ ինչ որ ասել ենք ձկան և խեցգետնի վերաբերյալ՝ կատարվել է»,- մեզ հետ զրույցում ասել էր Բարդուխ Գաբրիելյանը։
Օրերս Բ. Գաբրիելյանից կրկին հետաքրքրվեցինք՝ ի վերջո, նախարարությունն այս տարի սիգի պաշարների մոնիտորինգի համար կենտրոնին գումար կհատկացնի՞, թե՞ ոչ։
Նա տեղեկացրեց, որ դեռևս որևէ դրական տեղաշարժ չկա, սակայն խոսել է Բնապահպանության նախարարի հետ։
«Նախարարն ասել է, որ այս տարի կհայտարարվի տենդեր, որպեսզի այդ տարի էլ պաշարների հետ կապված տվյալները լինեն, սակայն անհայտ պատճառներով մրցույթի հայտարարումն ուշանում է, որքան ուշանա, այնքան մեր գործը դժվարանում է։ Թե երբ այդ մրցույթը կհայտարարվի՝ չեմ կարող ասել»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ