Բաժիններ՝

Թանկարժեք գնումը կանխվեց. «168 Ժամի» հրապարակումը կասեցրել է գործընթացը

Շուրջ երկու շաբաթ առաջ 168.amը գրել էր այն մասին, որ դեռևս նախորդ տարվանից աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը ցանկանում է պոլիկլինիկայի միջոցների հաշվին ձեռք բերել շուրջ 30.000 դոլար արժողությամբ մարդատար ավտոմեքենա։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ, դեռ շարունակվում է, ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերված՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ, սակայն, փաստորեն, թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն այնքան էր վստահ իր անպատժելիության մեջ, որ չէր վարանել ու իր համար պոլիկլինիկայի հաշվին շքեղ գնումներ էր ցանկանում կատարել։

Հայաստանում համայնքապատկան պոլիկլինիկայի տնօրենը 14 մլն 200 հազար դրամ կամ մոտ 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար արժողությամբ  մեքենա էր ցանկանում գնել պոլիկլինիկայի միջոցներով այն դեպքում, երբ դեղերը ձեռք է բերում 30% և 50% զեղչ լինելու պայմաններում։

Մեքենայի տեխնիկական բնութագրերից հասկանում ենք, որ այն հիվանդ տեղափոխելու համար չէ, և շատ հետաքրքիր էր, թե 2.4 լ շարժիչով, քսենոնային լուսարձակներով մեքենան ի՞նչ կարիքի համար էր պոլիկլինիկայի տնօրենը ցանկանում ձեռք բերել պոլիկլինիկայի միջոցներով։

Ըստ գնանշման հարցման մասին հայտարարության՝

Պատվիրատուն` «Թիվ 19 Պոլիկլինիկա»  ՓԲԸ,  որը   գտնվում  է քԵրևան  ԶորավարԱնդրանիկ 5/9, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Գնանշման  հարցման  ընտրված  մասնակցին  սահմանված  կարգով կառաջարկվի կնքել մարդատար մեքենայի   մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Հայտերի բացումը պետք է տեղի ունենար ք.Երևան Զորավար Անդրանիկ 5/9  հասցեում,  2019թ. հուլիսի   3-ին՝ ժամը  13:00-ին։

Եվ ահա մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո, փաստորեն, այդ գնումը չեղարկվել է։

Gnumner.am կայքում տեսնում ենք, որ տվյալ գնումն արխիվացված է, ինչը նշանակում է, որ այն չեղարկել են ժամանակից շուտ։

Լավ է, իհարկե, որ մեր հրապարակման հետքերով կանխվեց պոլիկլինիկայի տնօրենի հերթական ինքնիրավչությունը։ Եվ թեպետ մեր իշխանությունները թշնամաբար են վերաբերվում ԶԼՄ-ներին ու նրանց գործունեությանը, համարում են, որ, եթե իրենց քննադատում են, ուրեմն պետք է դրանք փակվեն մեծ հաշվով, ենթարկվեն զանազան տուգանքների, անցնեն քայքայիչ դատական պրոցեսների միջով, սակայն հերթական անգամ լրատվամիջոցը ներկայանում է՝ որպես հասարակության խնդիրները վեր հանող գործիք։

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի վարքագծի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինի, և չնայած այն համայնքապատկան պոլիկլինիկա է, հանձնված է հավատարմագրային կառավարման մասնավոր կազմակերպության, սակայն հաշվի առնելով քրեական գործերը, որ կան հարուցված, և այն պայմանագիրը, որը քաղաքապետարանը կնքել է այդ մասնավոր կառավարչի հետ, քաղաքապետը կարող էր սկսել պայմանագրի լուծարման գործընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս