
ԵՀ-ն 2020 թվականի համար եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել է մինչեւ 1,4 տոկոս

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականի համար եվրոգոտու տնտեսության աճի գնահատումը նախորդ՝ գարնանային կանխատեսման համեմատությամբ իջեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,4 տոկոս: Այդ մասին ասված է ԵՀ-ի միջանկյալ ամառային տնտեսական կանխատեսման մեջ, որը հուլիսի 10-ին հրապարակվել է Բրյուսելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ որում ընթացիկ տարվա համար տնտեսության աճի գնահատումը մնացել է նախկինը՝ 1,2 տոկոս: Ինչ վերաբերում է եվրոգոտում գնաճին, ապա կանխատեսումը կրճատված է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,3 տոկոս ընթացիկ տարվա եւ 2020 թվականի համար:
«Ընթացիկ տարում ավելի վաղ ակնկալվող աճն ավելի թույլ տեսք ունի, քանի որ գլոբալ արտադրական ցիկլը դեռ չի հասել հատակին, իսկ առեւտրի եւ ներդրումների հեռանկարները տակավին մռայլված են պրոտեկցիոնիզմով եւ անորոշությամբ»,- նշված է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: