Բաժիններ՝

Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել ներդրումային առաջարկների իրագործելի փաթեթներ

Երևանի ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի և առաջարկների ապահովում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հանձնարարելով մշակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների հստակ փաթեթներ, որոնք կլինեն իրագործելի ու կհետաքրքրեն գործարար շրջանակներին:

Անդրադառնալով տարեկան ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել դրանց ընթացքից ու նշել, որ համայնքային ցանկացած կառույց ու ստորաբաժանում պետք է հետևողական լինի այդ ծրագրերի լիարժեք իրականացման գործում:

«Մենք պետք է համակարգային և իրական փոփոխություններ անենք, իսկ իրական փոփոխությունների համար նախաձեռնվող ծրագրերի հարցում պետք է հետևողականություն: Ես չեմ հանդուրժելու մատների արանքով աշխատանք: Ճիշտ է, բավականին աշխատանք կատարվել է, սակայն ինձ ձեռք չի տալիս այն տեմպը, որ ունենք: Մենք խոստացել ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանը կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ ուշադրություն դարձնել տարածքներում անհրաժեշտ նշաններ տեղադրելուն, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ «Նման մանրուքների ապահովմամբ է նաև, որ քաղաքը դառնում է նորմալ քաղաք»,- նշել է Հայկ Մարությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 519 հազար 210 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 30 մլն 230 հազար դրամ: Այժմ գույքագրում է իրականացվում Արաբկիր վարչական շրջանում:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով համատիրության և բնակիչների հետ համատեղ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների վրա տեղադրվում են կոդերով փականներ. արդեն իսկ 154 փական է տեղադրվել:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է 83 շուն:

«Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի առնչությամբ քաղաքացիները կարող են զանգահարել ընկերության թեժ գիծ՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս