
Ծխախոտը թանկացել է 30-50 դրամով. Որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlboro» ծխախոտի մեկ տուփի գինը եւս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ:
Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: