«Եղել է քաղաքական պայմանավորվածություն». Էդմոն Մարուքյանը՝ ԲԴԽ անդամի ընտրության ձախողման մասին

«Կներեք, ես չեմ կարող քաղաքական հարցերն այդ մակարդակում քննարկել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, որ ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության ձախողման «մեղքը» «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է, նաև, մասնավորապես՝ Էդգար Առաքելյանի հայտարարությանը, որ «90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:

Է.Մարուքյանի խոսքով՝ փաստն այն է, որ ԼՀ-ն առաջին երկու թեկնածուներին կողմ է քվեարկել. «Եղել է քաղաքական պայմանավորվածություն, որ իշխանությունները կընդառաջեն և երրորդ թեկնածուին կընդունեն «Լուսավոր Հայաստանի» կողմից և կընտրեն։ Այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Մենք հայտարարել ենք, որ անկախ մարմիներում միայն իշխանական թեկնածուներին նշանակելու այս պրոցեսը չի ապահովում այդ անկախ մարմինների անաչառ, բազմազան գործունեությունը, դրանք տուժում են իրենց միատարրությամբ՝ նշանակված լինելով միայն իշխանության կողմից»։ Ավելին, ըստ խմբակցության ղեկավարի, այդ մարմիններում թեկնածու առաջադրելու ընդդիմության իրավունքն իշխանությունը դարձրել է պատրանքային իրավունք, այսինքն՝ իրավունքը կա, բայց այն գոյություն չունի իրացման տեսանկյունից։

Անդրադառնալով Աննա Մարգարյանի թեկնածությանը, որը չընտրվեց ԲԴԽ անդամ, Է.Մարուքյանը նշեց, որ նա լավ մտավորական և լավ գիտնական է։

«Մենք անձի դեմ ոչինչ չենք ունեցել, մենք պրոցեսն ենք դատապարտել։ Աննա Մարգարյանը չի ընտրվել «Իմ քայլի» պատգամավորների գրանցվելու և քվեարկությանը չմասնակցելու պատճառով։ Թե ինչո՞ւ նրանք չեն եկել իրենց թեկնածուի քվեարկությանը մասնակցելու, դրա բացատրությունն իրենք պետք է տան թեկնածուին և հասարակությանը՝ նման գործընթացն անլրջացնելու համար»,- ասաց Է.Մարուքյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031