«Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել». Վալերի Օսիպյան
Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։
Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտեց, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով:
Ոստիկանության պետը խոսեց նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծեց, որ հասարակական կարգը խախտող քաղքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային.
«Օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ: Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ կաշկանդված ոստիկանները, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, համակարգում տեղ չեն ունենա:»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, և որ անչափ կարևոր է` անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:
Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:
Ոստիկանության պետը նկատեց, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի:
Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին: