«Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունն ի ցույց դրեց, որ Նոր Հայաստանի դատախազություն է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության կազմավորման 101-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։

Շնորհավորելով տոնի առթիվ, վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է, որ  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, քանի որ Դատախազության բովանդակային գործառույթն ի վերջո քաղաքացիների իրավունքները և պետության շահերը պաշտպանելն ու պահպանելն է։
Վարչապետը երկու մեջբերում կատարեց Միքայել Նալբանդյանի հոդվածներից մեկից և ընդգծեց, որ պատահական չէ, որ հայ իրականության մեջ դեռևս ամենատարածված ասույթներից է՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։

«Ցավոք, շատ երկար ժամանակ մեր իրավական ու իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ, հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքն ընթացիկ ժամանակի կոնյունկտուրայի համատեքստում չքաղաքականացվի։ Ես ուզում էի ցույց տալ, որ դա ամենևին էլ նոր խնդիր չէ, այն երկար ժամանակ, երբեմն հատվածաբար ուղեկցել է մեզ։ Այսօր հենց այս խնդրի լուծումն է մեր ամենամեծ առաքելությունը և առաջին հերթին՝ Դատախազության։ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա, թանգարանային, բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին, քաղաքացին պետք է զգա, որ պետությունում պաշտպանված է այնպես, ինչպես ընտանիքում»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ «իրավունք» բառը Հայաստանում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի, ուստի յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ իրավապահի համզգեստն ու ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում՝ անթերի, կարծում եմ՝ մեզանից  որևէ մեկի գործը դժվար է գնահատել՝ որպես անթերի։ Բայց, ըստ իս, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունն ի ցույց դրեց, որ իսկապես Նոր Հայաստանի դատախազություն  է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ։ Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել Դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։ Եվ ամեն օրվա ու տարվա հետ Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ կտեսնեն, որ Դատախազությունն իրենց իրավունքի ու անվտանգության Դատախազությունն է։ Այս առումով մեր առաջիկա անելիքները շատ պարզ են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ հանցագործը պետք է ստանա իր պատիժը, և Հայաստանից արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը,  հանցագործի տեղը բանտն է։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարում Դատախազության գործունեությունն ավելի արդյունավետ պետք է լինի։

«Կարծում եմ՝ իրավապահ  համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ՝ նաև  բառիս փոխաբերական իմաստով,  «կարմիր լույս», իսկ ապագայի առաջ՝ «կանաչ լույս» վառելն է»,- եզրափակեց վարչապետ Փաշինայնը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս