«Դատախազությունն ունի բավականին ներուժ՝ առանց  կաշկանդվածության իրացնելու իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները». Գլխավոր դատախազ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության կազմավորման 101-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորելով Դատախազության աշխատողներին,  նախ՝ շնորհակալություն հայտնեց վետերաններին՝ պետության այդ համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար։

«Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազության համակարգի կայունությունը՝ իր սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած իրողությամբ։ Նման որակները չեն կարող արտահայտվել առանց պետական մտածողության կրելու, առանց արկածախնդրության, ինտրիգներից, աշխատանքային գործունեության ընթացքում քաղաքական հայացքներից կատարելապես զերծ մնալու և բացառապես օրենքով առաջնորդվելու խորքային գիտակցմամբ։ Որակներ, որոնք լավագույնս դրսևորվելով, հատկապես՝ նախորդ տարվա պատմական շրջադարձային իրադարձություններից հետո ծավալված ծանր, առանձնապես ծանր, հանցագործությունների հիմնավորման, քրեական հետապնդման, պետական շահերի պաշտպանության, դատախազական գործառույթներն իրացնելիս էապես նպաստեցին մեր երկրում ներպետական կայունության և անվտանգության պահպանությանը»,- նշեց Արթուր Դավթյանը։

Նա ընդգծեց, որ այսօր էլ դատախազներն անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով ամբաստանյալների, նրանց կողմնակիցների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն կատարում են իրենց ծառայությունը։

Արթուր Դավթյանն արձանագրեց, որ նախորդ տարվա իրադարձությունների ժամանակ Դատախազության ամենամեծ  ձեռքբերումներից մեկը հանցագործությունների, հատկապես՝ կոռուպցիայի հանդեպ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ իրավապահ մարմիններին իրազեկելը։

Ըստ նրա՝ հանցավորության դեմ պայքարում այսօր կա անգնահատելի գործընկեր, որը երկրի ապագայով ու լիարժեք կյանքով ապրելու համար շահագրգիռ ՀՀ քաղաքացին է։
Գլխավոր դատախազն իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց իրավապահ մյուս համակարգի գործընկերներին։

«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ, ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով։ Թվային ցուցանիշներով այսօր չեմ ծանրաբեռնի, միայն նշեմ, որ բոլոր ուղղություններով, նախորդ տարիների համեմատ, ունենք անգամներով ավելի արդյունքներ։ Կարծում եմ՝ ամենալուրջ արդյունքներն օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորումն է։

Դատախազությունն ունի բավականին ներուժ, առանց որևէ կաշկանդվածության իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթներն այս պայքարը նույն հետևողականությամբ շարունակելու համար՝ անզիջում պատրաստ լինելով ցանկացած բացահայտ  ու քողարկված հակազդեցության։ Միայն 2018 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով ու հարուցված գործերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 36 մլրդ դրամ»,- շեշտեց գլխավոր դատախազը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս