Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը. ջուր չունեն
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը: Գյուղի բնակիչները երկար տարիներ զրկված են խմելու ջրից:
«Երեկոյան մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչները, ովքեր տեղյակ են խնդրից, կգան, կխոսենք: Լոռի – Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը Արճիս գյուղի տակով է անցնում, հիմա առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, մոտ 2 կմ. պետք է ջուրը բարձրացվի, որպեսզի լցվի ջրամբարը, նոր այնտեղից մատակարարվի ամբողջ գյուղին, մինչև որ ներքին ցանց կառուցենք: Սա ներառված է մարզի հրատապ ծրագրերի մեջ: Նույն խնդիրը նաև Լճկաձորում է: Գյուղացիները աղբյուրների ջրից են օգտվել, սակայն հիմա դրանք չորացել են տեղումների բացակայության պատճառով: Դույլերով իջնում ու ջուր են կրում Այրումի տարածքից»,-168.am-ի հետ զրույցում ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
«Ընդհանրապես ներքին ցանց չկա, աղբյուրներ են տեղադրված գյուղի տարբեր մասերում, սարերից եկող ջրերը հավաքվում-բերում են գյուղ: Այդ ջրերով են յոլա գնացել: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, մի կերպ հայթայթում են: Դա ժամով են տալիս, 100-200 լիտր ջուր են հավաքում: Գյուղը բարձր դիրքում է, դժվար է ջուր մատակարարելը: Ինքնահոսով չի բարձրանում, պոմպ պետք է կառուցվի, ապա նոր մատակարարվի»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:
Նշենք, որ Տավուշի մարզի Արճիս գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Այրում կայարանից 4 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնվել է 350 տարի առաջ: Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն: Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար է:
Անի Կարապետյան
Լուսանկարը՝ Սուսաննա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջից