«Լինում է, որ քաղաքացիները ՀՔԾ աշխատանքներին էլ են խոչընդոտում». ՀՔԾ պետը՝ դատարանների մուտքերն արգելափակելու մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մայիսի 20-ին դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետի կոչին և դրան հետևած գործողությանը, և այսօր տեսնո՞ւմ է նման անհրաժեշտություն, պատասխանեց, թե դրանք քաղաքական հարցեր են, ուստի ինքն այն պաշտոնյան չէ, որ պատասխանի նման հարցերի։
«Բացի այն, որ իրավաբան եմ, նաև Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետն եմ, և խնդրում եմ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ ինձանից մեկնաբանություններ մի խնդրեք»,-ասաց Ս. Խաչատրյանը։
Հարցին, եթե մի օր էլ քաղաքացիները որոշեն արգելափակել ՀՔԾ շենքը, ինչպե՞ս կվերաբերվի այդ որոշմանը, Սասուն Խաչատրյանը նախ հարցրեց, թե ինչո՞ւ պետք է արգելափակեն, ապա պատասխանեց.
«Իրավապահ մարմինների գործունեությունն առանձնանում է հենց նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում, և նման մարդիկ գալիս են մուտքի մոտ և աշխատանքը խոչընդոտում են։ Նման բաներ լինում են։ Չեմ կարող ասել, սա նորմա՞լ է, թե՞ ոչ, բայց մարդիկ նման բաներ անում են։ Մարդիկ իրենց վրդովմունքն ու տեսակետն են արտահայտում։Եթե պաշտոնատար անձի համար թույլատրելի է այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատված է այն, ինչն արգելված չէ օրենքով»,-եզրափակեց ՀՔԾ պետը։
Զվարթ Խաչատրյան