Ինչի՞ արդյունքում է Կենտրոնական բանկը պահեստավորել է 185 մլն դոլար
«Կարծես թե ավելի շատ զբոսաշրջիկների այցելությունների արդյունքում ավելի շատ արտարժույթ է կիրառվել, և Կենտրոնական բանկը փորձում է շուկայից դա հավաքագրել: Անկեղծ, պետք է գոնե որոշակի ժամանակաշրջան լինի, որ կարողանանք մանրամասն ուսումնասիրել, բայց այն միտումը, որ ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս, սա ակնհայտ է, և նաև ակնհայտ է, որ սա դրական ազդեցություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս տարի Կենտրոնական բանկը պահեստավորել է արդեն 185 մլն դոլար, և միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլար է ներհոսել շուկա:
Ըստ նրա՝ պետք է կարևորել ոչ միայն քանակական, այլև որակական աճը: Պատգամավորը պարզաբանեց, որ մեկ զբոսաշրջիկից գեներացվում է մոտ 800-850 դոլար, և պետք է ոչ թե կարևորել զբոսաշրջիկների թվի մեծացումը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող գումարը.
«Սա, կարծում եմ, չափազանց կարևոր է, որ մենք պետք է իրականացնենք»:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի (ԿԲ) կայուն դրամավարկային քաղաքականությանը՝ Ա. Մանուկյանը նշեց, որ նույնիսկ հեղափոխության օրերին ցնցումներ չեղան, ինչը վկայում է, որ ԿԲ-ն ունի բավականաչափ բարձր արձագանքելու հնարավորություն, որը ցույց են տալիս նաև սթրես թեստերը:
Դիտարկմանը, որ ԵԱՏՄ մյուս երկրներում արժույթն արժեզրկվել է, և դրա հետևանքով ՀՀ-ն կորցնում է մրցունակությունը, Ա. Մանուկյանը պատասխանեց.
«Սովորաբար կա արտարժույթի իրական և անվանական փոխարժեք հասկացությունը՝ կախված նրանից, թե դու ինչ ես արտահանում և ինչ ես ներմուծում: Մեծ հաշվով, փոխարժեքի կայունության հիմքում նմանատիպ հանգամանքներն են ընկած: Հատկապես փոքր տնտեսության համար չափազանց վտանգավոր կլինի, եթե ինքը փորձի արհեստական մրցակցություն հաղորդել՝ միայն փոխարժեքը փոփոխելով, որովհետև եթե մեծ երկրները կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ, փոքր երկրների համար դա շատ ավելի կործանարար հետևանք կունենա: Եթե դու չունես հիմք և ուզում ես մի գործընթացին արհեստականություն հաղորդել, դա չափազանց կարճաժամկետ է, իսկ էֆեկտները՝ անկանխատեսելի»: