Իսպանիայում երկրորդ մարդն է մահացել անոմալ տապից
Իսպանիայում եւս մեկ մարդ՝ 93-ամյա տղամարդ, է մահացել ջերմահարվածից սաստիկ տապի պատճառով, որը որոշ շրջաններում գերազանցում է 40 աստիճանի նշագիծը: Այդ մասին հայտնել է ABC հրատարակությունը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ հունիսի 27-ին տղամարդն ուշաթափվել է Կաստիլիայի եւ Լեոնի ինքնավար մարզի Վալյադոլիդ քաղաքում ենթադրյալ ջերմահարվածի պատճառով:
Երբ վայր են ժամանել արտակարգ ծառայության աշխատակիցները, տղամարդն արդեն մահացած էր: Ինչպես հաղորդել է EFE գործակալությունը, եւս մեկ 45-ամյա տղամարդ Մուրսիա քաղաքի հիվանդանոցում է գտնվում ծանր վիճակում՝ սաստիկ շոգի հետեւանքների համար բնորոշ ախտանշաններով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունիսի 28-ի առավոտյան 17-ամյա մի երիտասարդ է մահացել Անդալուսիայի ինքնավար մարզի Կորդովա քաղաքում ջերմահարվածի հետեւանքով:
COPE ռադիոկայանն ավելի վաղ հաղորդել է, որ սաստիկ շոգի մասին նախազգուշացումները պահպանվում են երկրի 13 ինքնավար մարզերի 34 նահանգներում: Օդերեւութաբանության պետական գործակալությունն արտակարգ ջերմաստիճանների մասին է հայտարարել Կատալոնիայում, Արագոնում, Ռիոխում եւ Նավառայում, որտեղ հունիսի 28-ին ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի:
Անոմալ տապի պատճառով Կատալոնիայի Ռիբերա դ’Էբրեի կոմարկայում (Տարագոնայի նահանգ, Կատալոնիայի ինքնավար մարզ) շարունակում է տարածվել հուժկու անտառային հրդեհը, այս պահին կրակը ոնչացրել է 6,5 հազար հեկտար անտառ: Իշխանությունների կանխատեսմամբ՝ հրդեհը կարող է տարածվել 20 հազար հեկտարի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: