Ավտոներկրողները պատրաստվում են գնալ «վարչապետի տուն»
Ավտոներկրողները կրկին կառավարության դիմաց էին հավաքվել՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետից սկսվող իրենց խնդիրները:
«Ապօրինությունները սկսվում են Բագրատաշենի անցակետից՝ մինչև գների սահմանում և հաշվառում»,- պնդում են նրանք և պահանջում հանդիպում վարչապետի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են, որ ակցիայի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են՝ հանձնարարական տա իրավապահ մարմիներին բացահայտելու ապօրինությունները:
«Ես վստահ եմ, որ հիմա քննարկումներ են տեղի ունենում ՊԵԿ-ի, Տարածքային կառավարման նախարարության, ԱԱԾ և Ոստիկանության մարմինների հետ: Ես վստահ եմ՝ վաղը պիտի մի բան փոխվի Բագրատաշենում: Իրենք ամաչում են մեզ լսել. Գնամ-ասեմ՝ ալան-թալա՞ն է…»,- նշում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ակցիան ավարտվեց, ակցիայի մասնակիցները պատրաստվում են գնալ Բագրատաշեն, իսկ հետո, եթե որևէ լուծում չլինի՝ նաև կառավարական առանձնատուն:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին նրանք կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ Պետեկամուտների կոմիտեի սահմանած կարգավորումների դեմ բողոքով, ըստ որոնց՝ մեքենա մաքսազերծելիս հսկիչ գներ են կիրառվում: ՊԵԿ-ի նախագահն այդ օրերին տեղեկացրել էր, որ «ինվոյսով» ևս հնարավոր է մաքսազերծում իրականացնել:
Ավտոներկրողները բողոքում էին նաև, որ մեքենայի նվիրատվությունը ևս հարկվելու է, մինչդեռ նախկինում իրենք ներկրվող մեքենաների մի մասը որպես նվիրատվություն էին ձևակերպում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան