
Օզի Օզբոռնը Թրամփին արգելել է իր երգերն օգտագործել նախընտրական արշավում

Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օզբոռնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ ծանուցում է ուղարկել իր երգերը քաղաքական արշավի ընթացքում օգտագործելու արգելքի վերաբերյալ: Երաժիշտի հայտարարությունը հունիսի 28-ին Instagram-ում հրապարակել է նրա կինը՝ բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Շերոն Օզբոռնը: «Ուշադրության առնելով Օզի Օզբոռնի Crazy Train երգի չարտոնված օգտագործումը՝ մենք ծանուցում ենք ուղարկել Թրամփի շտաբ, որ նրան արգելված է Օզբոռնի երաժշտությունն օգտագործել քաղաքական գովազդում եւ ընտրարշավում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Օզբոռնները նաեւ խորհուրդ են տվել Միացյալ Նահանգների նախագահին՝ «դիմել իր երաժիշտ-ընկերներին»: «Գուցե (ամերիկացի երաժիշտներ) Քանյե Ուեսթը, Քիդ Ռոքը կամ Թեդ Նյուջենթը թույլ կտան իրենց երգերն օգտագործել»,-հավելել են նրանք: Հունիսի 26-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Twitter-ում հրապարակել էր մի տեսագրություն, որտեղ MSNBC հեռուստաալիքով դեմոկրատների նախընտրական արշավի մասնակիցների հեռուստաբանավեճերի հեռարձակումը ընդմիջվում է Թրամփի մասնակցությամբ կադրերով՝ Օզի Օզբոռնի Crazy Train («Խելակորույս գնացք») կոմպոզիցիայի ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: