Բաժիններ՝

«Նպատակը՝ միտված չլինի պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այլ ունենա սոցիալական էֆեկտ». Արտակ Մանուկյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը նվազագույն աշխատավարձի բարձրացումը չափազանց կարևոր գործիք է համարում:

«Եթե ճիշտ չես ընտրում առկա միտումները և չափից ավելի ես բարձրացնում նվազագույն աշխատավարձի շեմը, սա կարող է հավելյալ ռիսկեր բերել գործազրկության բարձրացման առումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ պետությունն ունի մի շարք սոցիալական պարտավորություններ, վերջին անգամ նվազագույն աշխատավարձի փոփոխություն եղել է 2014 թ.-ին:

Թե ինչպե՞ս կազդի այս փոփոխությունը պաշտոնյաների աշխատավարձի վրա, Ա. Մանուկյանը նշեց, որ նախագծի հեղինակներ Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի առաջարկի տրամաբանությունն այն էր, որ պետական պաշտոնյաների աշխատավարձի բազային դրույքաչափի վրա ազդեցություն չունենա, որ սա միտված չլինի պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այլ ունենա սոցիալական էֆեկտ:

«68 հազար դրամը, եթե առկա կարգավորումներում որևէ բան չփոխվի, որոշակի ռիսկեր այս մասով ստեղծում է»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ կփորձեն այդ ռիսկերը մեղմել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագծին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:

Սակայն, ինչպես ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, պատգամավորների առաջարկած նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանելու փոխարեն՝ կառավարությունն առաջարկում է սահմանել 68 հազար դրամ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս