Բաժիններ՝

«Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարևորությամբ». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլում եւ համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ:

Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետեւանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթեւեկության արագությունը սահմանափակելու առաջարկին: Որպեսզի պարզ լինի կոնտեքստը, լուսանկարներում մեջբերում եմ քննարկման կարեւոր մասը, որտեղ շեշտել եմ, որ արագությունը նվազեցնելու հարցում ամենակարեւորը մարդկանց կյանքերը փրկելու փաստարկն է, եւ դրա դիմաց խցանումներին ու երթեւեկության անհարմարությանը վերաբերող մնացած փաստարկները երկրորդական են դառնում: Ցավում եմ, որ այս հատվածը դուրս է մնացել թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումների մեծ մասից:

Այնուհանդերձ, կարծում եմ, որ ցանկացած պարագայում հանրային քննարկումների ժամանակ պետք է հնարավորինս մնալ կոռեկտ բառապաշարի սահմաններում: Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ ինքս դուրս եմ եկել այդ սահմաններից: Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարեւորությամբ եւ ոչ երբեք՝ ընդդիմախոսի նկատմամբ հարգանքի պակասից: Կրկնակի ավելի եմ ցավում, եթե խնդրահարույց արտահայտության պատճառով տուժում է բովանդակային քննարկումը, որովհետեւ քաղաքապետի առաջարկը հենց այդպիսի քննարկման մեկնարկը դնելու խնդիր է ունեցել:

Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երեւանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարեւոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որեւէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է քննարկել դա՝ առանցքում դնելով հենց այդ նպատակը:

Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս