Ինչու է Սյունիքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնում
Հունիսի 21-ին և 22-ին ոստիկանությունը Սյունիքի բաժիններ է բերել և բերման ենթարկել 65 անձի։ Այս մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մասնավորապես նշված էր, որ տարբեր կասկածանքներով Գորիսի, Կապանի ու Սիսիանի բաժիններ բերել ու բերման են ենթարկել 65 հոգի, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակություններ և նախկինում դատապարտված անձինք։ Բացի այդ՝ ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանությունը բացահայտել է թմրանյութի ապօրինի շրջանառության և անասնագողության մեկական դեպք։
168.am–ը նախ՝ Սյունիքի մարզային ոստիկանությունից փորձեց ճշտել, թե ի՞նչ խնդրի հետ կապված է ուժեղացված ծառայություն տեղի ունեցել և 65 հոգի բերման ենթարկվել։ Այնտեղից մեզ հետ զրույցում նշեցին, որ դիմենք Երևանի ոստիկանություն, քանի որ իրենք ոչինչ չունեն ասելու։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ նշեց, որ ամեն ինչ տեսանյութում հստակ ներկայացված է, և ոստիկանության գործողությունները շարունակական բնույթ են կրելու:
«Ավելացնելու այլ բան չունեմ»,- եզրափակեց նա։
Զվարթ Խաչատրյան